Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:30 05-08-2026

Քանի գյորմամիշ կա ԱԺ-ում, և ինչու խախտվեց բարեկրթության պայմանը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ն օգոստոսի 5-ին խախտեց բարեկրթության պայմանը, որն առաջարկել էր նորընտիր ԱԺ նախագահը։

Սամվել Կարապետյանը նախօրեին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների կողմից գործարարների բիզնեսները վերցնելու և նոր կառավարիչներ նշանակելու մասին հարցին, ասել էր. «Թող կառավարեն, չտես-գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն»։

ՔՊ-ական նորընտիր պատգամավոր Տարոն Չախոյանը հիշեցրեց այս մասին և «Ուժեղ Հայաստան»-ի գործընկերներին անվանեց «գյորմամիշ»։ «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև որոշակի լարվածություն առաջացավ։ Փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցին։ Ամենաշատ վիրավորանքները բաժին հասան ամբիոնի մոտ կանգնած Չախոյանին։

Ինչո՞ւ ՔՊ-ական պատգամավորը խախտեց բարեկրթության սահմանը, և ո՞վ է «գյորմամիշը»։

ԱԺ-ում լարված իրավիճակը հանդարտվելուց հետո Չախոյանին կրկին հրավիրեցին ամբիոնի մոտ։ ՔՊ-ական պատգամավորը կարճ խոսեց՝ ասելով, որ ընդամենը օգտագործել է նույն բառը, որն «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն օգտագործել էր իրենց հասցեին։ Դրանից հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ միջադեպը սպառված է, և պատգամավորներին կոչ արեց մնալ բարեկրթության սահմաններում։

Այս միջադեպի ամփոփ պատկերը հետևյալն է. ՔՊ-ականը, փողոցային լեզվով ասած, «աբառոտկա» է ֆռացել։ Փողոցային թրծվածություն ստացածը գիտի, որ լավ տղան «աբառոտկա» չի անում։ Սա տարրական նորմ է։ ՔՊ-ականը խախտել է այդ նորմը։ Հավանաբար, նրանց բակում լավ տղա չի եղել և այս պարզ բանը նրան չի սովորեցրել։ Այսինքն՝ նա անգիտակցաբար է խախտել այդ նորմը։ Իսկ եթե նրանց բակում լավ տղա եղել է և ապագա ՔՊ-ականին բացատրել է, որ «աբառոտկա» ֆռացնելը լավ տղային վայել չէ, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ականը միտումնավոր է խախտել այդ նորմը։ Այդ դեպքում ենթադրելի է, որ նրա քաղաքական ուսուցիչներն են նրան ասել, թե քաղաքականության մեջ «աբառոտկա» ֆռացնելը նորմալ է, քանի որ քաղաքականությունն անբարոյականություն է, և այստեղ, իբր, մարդկային հարաբերությունների բարոյական նորմերը կիրառելի չեն։

Մյուս կողմից՝ ՔՊ-ականը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նկատմամբ։ Վերջինս օրեր առաջ կոչ էր արել պատգամավորներին միմյանց հանդեպ բարեկիրթ լինել, այսինքն՝ միմյանց չվիրավորել, լարվածություն չստեղծել, կոնֆլիկտներ չհրահրել և այլն։ ՔՊ-ականը, ընդդիմադիր գործընկերներին «գյորմամիշ» ասելով, փաստացի արհամարհեց ԱԺ նախագահի խոսքը։

Այս միջադեպը հիմք տվեց ենթադրելու, որ Ռուբինյանը ԱԺ-ում հեղինակություն չունի, պատգամավորները նրա խոսքը չեն հարգում, իսկ պատգամավորների վարքն ու խոսքը որոշում է Նիկոլ Փաշինյանը։ Ասում են, թե հենց նա է խրախուսում, որ ՔՊ-ականները վիրավորական արտահայտություններ օգտագործեն ընդդիմության հասցեին։ Ավելին, ասում են, թե կուսակցական առաջխաղացման հարցում հաշվի է առնվում ոչ թե կրթությունը, տեղեկացվածությունը, վերլուծելու կամ համոզելու կարողությունը, այլ ընդդիմադիրներին վիրավորելու խիզախությունը։ Ով ավելի թունդ կվիրավորի, նա էլ առաջ կգնա։ Ահա թե ինչու ՔՊ-ական պատգամավորը վիրավորեց ընդդիմադիրներին։

Ինչ վերաբերում է «գյորմամիշ» բառին, ապա այն կարելի է վերագրել գրեթե բոլորին, որովհետև յուրաքանչյուր մարդ ինչ-որ հարցերում անփորձ է, անիրազեկ։ Եվ այդ պատճառով կարող է սխալներ անել ու հիմք տալ, որ իրեն անվանեն չտես-«գյորմամիշ»։

Օրինակ՝ ԱԺ-ում շատ կան մարդիկ, որոնք բիզնես չունեն և չեն ունեցել, մեծ կամ նույնիսկ միջին ձեռնարկություններ չեն կառավարել։ Այս առումով կարո՞ղ ենք ասել, որ բազմաթիվ չտես-«գյորմամիշներ» կան ԱԺ-ում։ Բազմաթիվ պատգամավորներ նաև քաղաքական փորձառություն և գիտելիքներ չունեն, ընդամենը մի քանի ամսվա քաղաքական կենսագրություն ունեն։ Այս առումով ևս կարելի է ասել, որ ԱԺ-ում շատ «գյորմամիշներ» կան։

Քաղաքական «գյորմամիշությունը» ոչ միայն վիրավորական բնորոշում է, այլև կարող է աղետալի լինել, քանի որ քաղաքական որոշումներ կայացնողի անփորձությունը կարող է մեծ կորուստներ պատճառել պետությանն ու ժողովրդին, ինչպես տեղի ունեցավ նախորդ տարիներին, երբ Փաշինյան քաղաքական չտեսություն ու գյորմամիշություն էր դրսևորում, թույլ տալիս աղետալի սխալներ, որոնց հետևանքով պետությունն ու ժողովուրդը մեծ կորուստներ ունեցան։

Կարճ ասած՝ այսօրվա միջադեպը կարող է բեկումնային նշանակություն ունենալ։ Եթե պատգամավորներն իսկապես վիրավորվել են «գյորմամիշ» բառից, ապա ենթադրելի է, որ այսուհետև պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց կոչմանը, ստացած մանդատին, կխորացնեն քաղաքական գիտելիքները, կդադարեն դատարկախոսել ու միմյանց վիրավորել, քաղաքական չտեսություն ու «գյորմամիշություն» չեն անի Նիկոլ Փաշինյանի պես, կզբաղվեն լուրջ քաղաքականությամբ, հանդես կգան քաղաքական նախաձեռնություններով, ոչ թե կմրցեն, թե ով ավելի թունդ կվիրավորի գործընկերներին։


Թաթուլ Մկրտչյան