Ներքին 1 ժամ առաջ - 17:57 06-08-2026

Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Օրեր առաջ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց գործընկերներին միմյանց հանդեպ բարեկիրթ լինել։ Սակայն ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Չախոյանը օգոստոսի 5-ին անցավ այս սահմանն ու ընդդիմադիր գործընկերներին անվանեց «գյորմամիշ»։ Այս ակնհայտ անբարեկիրթ վերաբերմունքը վրդովմունք առաջացրեց ոչ միայն վիրավորական լինելու պատճառով, այլև որովհետև այսպիսով արհամարհվեց ԱԺ նախագահի կոչը։ Պատգամավորն անցավ բարեկրթության սահմանը։

Եթե ԱԺ նախագահի կոչը լուրջ էր, ապա Տիգրան Չախոյանը պետք է առնվազն հրապարակավ նկատողություն ստանա իր խմբակցության ղեկավարի կողմից։ Եթե ՔՊ-ում մտածում են Ռուբինյանի հեղինակության մասին, ապա կհորդորեն, որ Չախոյանը վայր դնի մանդատը։ Այսպես կապացուցեն, որ իսկապես բարեկիրթ հարաբերությունների ջատագով են։

Ընդդիմադիր պատգամավորները կասկածում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի անկեղծությանը, ազնվությանը, չեն հավատում, որ ՔՊ-ականները կարող են բարեկիրթ վարվել։ Այս կասկածը ողջամիտ է, քանի որ Փաշինյանը և ՔՊ-ն մշտապես կիրառել են ատելության խոսույթ, հայհոյանք, վիրավորել են, երբեմն անտեղի։ Քարոզարշավի ժամանակ ևս և՛ Փաշինյանը, և՛ իր թիմակիցները նույն անբարեկիրթ խոսույթն են կիրառել։ Հիշենք միայն կզացնելու մասին սպառնալիքները։ Այս ամենից հետո, բնականաբար, հավատալու չէ, որ հանկարծ բարեկիրթ կդառնան, հարգանքով կվերաբերվեն գործընկերներին։ Եվ Տիգրան Չախոյանը օգոստոսի 5-ին ապացուցեց դա՝ հրապարակավ, ամբիոնից վիրավորելով գործընկերներին, նրանց անվանելով «գյորմամիշ»։

Այս միջադեպից, սակայն, բարոյապես ամենաշատը տուժեց Ռուբինյանը։ Չախոյանն իր անհարգալից խոսքով ոտքի տակ գցեց Ռուբինյանի հեղինակությունը։ Եվ վերջինս շահագրգիռ պիտի լինի, որ Չախոյանը համարժեք նկատողություն ստանա, կարգի հրավիրվի և խոստանա, որ խելոք է մնալու։

Չախոյանին հրապարակավ նկատողություն տալը կարող է կանխել նման միջադեպերի կրկնությունը։ Բոլոր ՔՊ-ականները կհասկանան, որ ԱԺ ամբիոնից անհարգալից խոսողը խստորեն պատժվում է։ Իսկ եթե ստիպեն, որ Չախոյանը մանդատը վայր դնի, ապա կարելի է ասել, որ ՔՊ-ն իսկապես ուզում է, որ ԱԺ-ում օրենսդիրները միմյանց հանդեպ լինեն բարեկիրթ։ Այս պարագայում ոչ ոք իրավունք չի ունենա կասկածելու, որ ՔՊ-ականները բարեկիրթ են, փոխվել են, ուզում են մարդ դառնալ և ապրել ինչպես բոլորը։ Այս դեպքում նաև Ռուբինյանի հեղինակությունը կբարձրանա, նրա խոսքը կշիռ կստանա և այլն։

Իսկ հիմա պատկերը հակառակն է։ Եվ կողմնակալ դիտորդը կարող է կասկած հայտնել, որ Ռուբինյանի կոչը բարեկիրթ մնալու մասին սուտ էր, բլեֆ։ Իրականում կարմիր կովը կաշին չի փոխել, ՔՊ-ն մնում է նույն հեղափոխական խմբակը, որի անդամներին միավորում է ժողովրդի և նախկինների հանդեպ ատելությունը, անհարգալից վերաբերմունքը քաղաքական մրցակիցների, ընդդիմախոսների նկատմամբ։ Նրանք բովանդակային ասելիք կամ քաղաքական նախաձեռնություններ չունեն։ Միայն մտածում են, թե ինչ թեմայով կարող են կպնել, վիրավորել, հանդիմանել մրցակիցներին։

Պարզ ասած` ՔՊ-ն ռեալ երկընտրանքի առաջ է։ Կա՛մ Չախոյանին կխնդրեն դնել մանդատը, կա՛մ խիզախություն կունենան և կասեն, որ բարեկիրթ լինելու մասին Ռուբինյանի կոչը բլեֆ էր, իրենք ինչպես եղել են ատելության խոսույթի ջատագով, այնպես էլ շարունակելու են պղծել քաղաքական դաշտն ու աղավաղել քաղաքական գործչի կերպարը։


Թաթուլ Մկրտչյան