«Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանություններ ասելիս պետք չէ ընկալել ժողովուրդ։ Արցախի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ չեն կարողանում կամ չեն ուզում աշխատել ի շահ Արցախի»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ոչ թե Արցախն է ընդունել Ադրբեջանի պայմաններն ու կատարել պահանջները, այլ Արցախ իշխանությունները ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Այո՛, Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ից, արդեն բացահայտորեն դեմ գնալով ժողովրդին ու Արցախի որոշմանը, որոշեց, որ միանձնյա ինքն է ընտրելու այն ճանապարհը, որով պետք է ընթանանք և գնաց զիջումների։ Առաջինը եղավ Ռուբեն Վարդանյանի ազատումը, երկրորդը՝ կոնտակտները, հանդիպումներն ու պայմանավորվածությունները՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ըստ երևույթին, անհասկանալի մնացին այն մասով, թե էնտեղ ինչ են խոսում, որովհետև տեղեկությունն անընդհատ հոսում է, իսկ պաշտոնական որևէ բան չկա»,- ասաց նա։
Երրորդ պայմանն, ըստ Մետաքսե Հակոբյանի, որ կատարեց Արայիկ Հարությունյանն այսօր՝ ադրբեջանական ներկայացուցիչների հետ հանքավայրեր այցելությունների մասին պայմանավորվածությունն է։
«Բնականաբար, պետք է ենթադրել, որ արդեն իսկ կատարված է հաջորդ պայմանը՝ հսկիչ անցակետ տեղադրելու։ Երեկ էլ Լավրովը պարզաբանումը տվեց այդ ուղղությամբ։ Այսինքն, էլի ռուս խաղաղապահներն են վերահսկելու, բայց սքաներավորող սարքը դրվելու է։ Հետևաբար, մենք նաև կարող ենք համոզված լինել, որ ողջ ինֆորմացիան ունենալու է նաև ադրբեջանական կողմը։ Այնպես որ ոչ թե Արցախը, այլ Արցախի պարտված նախագահը հերթական պարտություններն է բերում Արցախ»,- ասաց նա։
Oragir.News-ի զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ արցախցիների 80 օր շարունակվող պայքարն Արցախի նախագահի գործողությունների ու որոշումների հետևանքով ի չիք են դառնում։
«Այսիպիսով Արցախի վիճակն ավելի վտանգվեց այն առումով, որ պարտվողական կեցվածք ընդունելով և հերթական զիջումն անելով՝ մենք կանգնում ենք այն վտանգի առաջ, որ Ադրբեջանի հաջորդ պահանջն ավելի մեծ է լինելու։ Գոնե այսօր արդեն ադրբեջանական մեկնաբանություններում պարզ է հնչում է, որ սկսել են ռեգեներացիայի փուլը։ Այսինքն, փայլուն տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, թե որն է լինելու հաջորդ պահանջը։ Երբ որ դու զիջում ես, երբ որ պահանջները գլխիկոր կատարում ես և ընդհանրապես չունես պայքարելու մտադրություն, բնականաբար, դու անընդհատ գնալու ես զիջումների՝ մինչև վերջ»,- ասաց նա։
Հակոբյանը համոզված է, որ պարտվողական մոտեցմամբ միայն նոր պարտությունների դուռը կարող է բացվել։
«Արցախն արդեն իսկ ընտրել էր պայքարի ճանապարհը, Արցախն կայացրել էր զիջումների չգնալու որոշումը, սակայն երկրի նախագահը, փաստորեն, հակառակվեց մի ողջ ժողովրդի։ Խնդիրը բնավ էլ ճանապարհի բաց կամ փակ լինելը չէ։ Երբ Բերձորի միջանցքը փակ էր, այնպես չէր, որ մեզ համար թերի սնվելու պատճառ էր կամ կենցաղային անհարմարություն էր զուտ։ Դա բավականին լուրջ ընթացք էր, որն արցախահայությունն անցավ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ թեև ռումբեր չէին պայթում, բայց այդ պայքարում անգամ զոհեր ունեցանք։
«Առողջապահության ոչ բավարար աշխատանքի արդյունքում մարդիկ, որոնք կարող էին ապրել, ուղղակի մահացան։ Ստացվում է, որ մենք զոհեր ունեցանք այս պայքարի արդյունքում։ Ինչպես 44-օրյա պատերազմն իրենց համար ոչինչ էր, և մեր նահատակների արածն այդպես էլ չգնահատվեց, այնպես էլ հիմա իրենք նորից սպիտակ դրոշը բարձրացրին և խաղաղություն են մուրում»,- ասաց նա։
Oragir.News-ի հետ զրույցում պատգամավորը համոզմունք հայտնեց, որ մենք կորցրինք հնարավորությունը՝ շրջափակման արդյունքում բանակցային սեղանին ավելի լավ դիրքերից խոսելու։
«Մենք Հաագայի դատարանի որոշման վրա ուրախացանք, բայց հենց նույն Արայիկ Հարությունյանն այդ որոշումը դարձրեց առ ոչինչ։ Որովհետև դա այլևս էական չէ։ Կարծում եմ, որ դա Ադրբեջանի պահանջներից մեկն է եղել, որպեսզի չեղյալ հայտարարվեր Հաագայի դատարանի որոշումը, հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կքվեր։ Այս պարագայում դա հնարավոր չէր լինի անել։ Այնպես որ, սա շատ ավելի խորը արմատներ ունի։ Թվում է, թե Արայիկ Հարությունյան-Ադրբեջան կողմերի միջև են իրադարձությունները տեղի ունենում, բայց ամեն բան տանում է դեպի Նիկոլ Փաշինյան։ Հստակ է, որ ճնշումները եղել են նաև իր կողմից, որովհետև սա խանգարում է իրենց բարեկամական հարաբերություններին Ադրբեջանի հետ»,- ասաց նա։
Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը գլխիկոր կատարում է Փաշինյանի հրահանգը՝ չմտածելով Արցախի 120․000 բնակչի տեսակետի մասին։