Հուլիսի սկզբից Եվրամիության երկրներում բնական հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը կտրուկ աճել է և մոտենում է կես միլիոն հեկտարի սահմանագծին ըստ Եվրոպական Կոպեռնիկուս կլիմայական մոնիթորինգի ծառայության տվյալների․ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթվա դրությամբ տարվա սկզբից այրված տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 434,9 հազար հեկտարի։ Համեմատության համար՝ հուլիսի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 126,8 հազար հեկտար։
Հրդեհներն ուղեկցվել են նաև ածխաթթու գազի (CO₂) արտանետումների ռեկորդային ծավալներով․ միայն հուլիսի 22–29-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մթնոլորտ է արտանետվել շուրջ 9 մեգատոննա CO₂։
Բացի այդ, հուլիսի 15–22-ն ընկած շաբաթը վերջին 20 տարվա դիտարկումների ընթացքում դարձել է ամենակործանարարը։ Այդ ժամանակահատվածում առաջին անգամ այրված տարածքների մակերեսը գերազանցել է 187,8 հազար հեկտարը, իսկ առանձին հրդեհների թիվը հասել է 173-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ առավելագույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 103,4 հազար հեկտար և 124 հրդեհ։
Եվրոպան ներկայումս ապրում է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկը։ Ամենից շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարել է, որ երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր բախվել է բնական հրդեհների ամենամեծ թվին։
Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես հայտնել է, որ 2026 թվականի սկզբից անտառային հրդեհները Իսպանիայում ոչնչացրել են շուրջ 150 հազար հեկտար տարածք, իսկ դրանց զոհ է դարձել 13 մարդ»,- հայտնել է նա։