Հոլիվուդյան աստղեր Ալ Պաչինոն և Էնթոնի Հոփքինսը կհանդիպեն մեկ կինոնախագծում՝ ներկայացնելու իտալական ավտոմոբիլային լեգենդներից մեկի՝ Maserati-ի ստեղծման պատմությունը։
Հրապարակվել է «Maserati: The Brothers» («Maserati․ Եղբայրները») ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը բացահայտում է ընտանիքի հավակնոտ երազանքի, վտանգավոր մրցարշավների և մեծ հաջողության հասնելու դժվարին ճանապարհը։
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի հունվարի 29-ին։ Բացի Ալ Պաչինոյից և Էնթոնի Հոփքինսից, դերասանական կազմում ընդգրկված են նաև Ջեսիկա Ալբան և Էնդի Գարսիան։
Ֆիլմի սյուժեն կենտրոնացած է Մազերատի ընտանիքի և երեք եղբայրների՝ Ալֆիերիի, Բինդոյի ու Կառլոյի պատմության վրա։ 20-րդ դարասկզբին նրանք որոշում են մարտահրավեր նետել ավտոմոբիլային արդյունաբերության հսկաներին և հիմնել սեփական ընկերությունը։ Գործողությունները ծավալվում են Իտալիայում՝ սկսած 1914 թվականից, երբ հիմնադրվեց Maserati ընկերությունը։
Կինոնկարը ներկայացնում է եղբայրների ճանապարհը՝ առաջին ինժեներական փորձարկումներից մինչև միջազգային ավտոսպորտում ճանաչում ձեռք բերելու և համաշխարհային առաջատարների հետ մրցակցելու հավակնոտ նպատակները։ Նրանց երազանքն է ստեղծել այնպիսի իտալական ավտոմեքենա, որը կկարողանա հաղթանակ տանել հանրահայտ «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցավազքում։
Ալ Պաչինոն ֆիլմում մարմնավորում է ունևոր գործարարի, որը հավատում է եղբայրների գաղափարին և աջակցում նրանց նախաձեռնությանը։ Էնթոնի Հոփքինսը հանդես է գալիս ֆինանսիստի դերում, որը պատրաստ է ներդրումներ կատարել նախագծում՝ չնայած դրա հաջողության վերաբերյալ ունեցած կասկածներին։
Պաշտոնական թրեյլերը խոստանում է լարված ու դրամատիկ պատմություն՝ լի վտանգավոր մրցարշավներով, վթարներով, ֆինանսական դժվարություններով և ընտանեկան փորձություններով։ Ֆիլմը բացահայտում է ոչ միայն հայտնի ավտոմոբիլային ապրանքանիշի ստեղծման պատմությունը, այլև այն մարդկանց համարձակությունն ու վճռականությունը, որոնք իրենց երազանքը վերածեցին համաշխարհային լեգենդի։
«Maserati․ Եղբայրները» կինոնկարը խոստանում է դառնալ ավտոմոբիլային պատմության, արագության և ընտանեկան դրամայի սիրահարների ուշադրության կենտրոնում հայտնված նոր նախագծերից մեկը։