Արտաքին 18 ժամ առաջ - 09:21 28-10-2026

Բրազիլիայի նախկին նախագահի թեկնածուն ընտանիքի հետ ժամանել է ԱՄՆ

Բրազիլիայից փախած նախագահի նախկին թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուն ընտանիքի հետ ժամանել է ԱՄՆ, չորեքշաբթի գիշերը հայտնում է CNN հեռուստաալիքի բրազիլական խմբագրությունը։

Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բոլսոնարուին և նրա ընտանիքին թույլ կտա մնալ երկրում և նրանց մուտքի արտոնագրեր կտրամադրի։

«Պետդեպարտամենտը Ֆլավիու Բոլսոնարուին և նրա ընտանիքին մուտքի արտոնագրեր կտրամադրի և թույլ կտա նրանց մուտք գործել ԱՄՆ տարածք», - գործակալությանը հայտնել է գերատեսչության բարձրաստիճան աղբյուրը։
Բրազիլական «Ֆոլյա դի Սան Պաուլու» թերթը երեքշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը տեղյակ է Բոլսոնարուի՝ Բրազիլիայից փախուստի մասին և պատրաստ է նրան ապաստան տրամադրել։

Պարբերականի զրուցակիցներից մեկի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները մասնակցել են Բոլսոնարուի՝ Բրազիլիայից փախուստի պլանավորմանը։

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ սենատորը Բրազիլիայից փախչելու որոշում է կայացրել կիրակի օրը կայացած ընտրություններում պարտվելուց հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ դատական իշխանությունները նրան պարտավորեցրել են մնալ երկրում և հանձնել բրազիլական ու իտալական անձնագրերը։

Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ֆլավիու Դինուն երեքշաբթի որոշել է հետաքննություն սկսել Բոլսոնարուի նախընտրական քարոզարշավի հնարավոր օտարերկրյա ֆինանսավորման առնչությամբ։

Բացի այդ, Բոլսոնարուն ներգրավված է փողերի լվացման և այլ հանցագործությունների հետ կապված երկու քրեական գործերում։ 2027 թվականի փետրվարին լրանում է նրա սենատորական մանդատի ժամկետը, որից հետո նրան հնարավոր կլինի դատական պատասխանատվության ենթարկել, նշում են բրազիլական լրատվամիջոցները։

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է հոկտեմբերի 25-ին։ Հաղթել է պետության գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Բոլսոնարուն չի ընդունել պարտությունը. նրա կարծիքով՝ քվեարկության ժամանակը երկարաձգելու՝ իշխանությունների որոշումը մի շարք խախտումների պատճառ է դարձել։