Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:00 28-10-2026

Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԱԺ-ն հոկտեմբերի 28-ին քննարկում էր ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարը խստացնող օրենսդրական նախագիծը, որը խորհրդարանի օրակարգ է հասել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ չորս ամիս առաջ սկսած արշավից հետո։ «Քաղաքացիական պայմանագրի» երեք պատգամավորների հեղինակած նախագիծը ներկայացրեց Զարուհի Բաթոյանը։

Իհարկե, ընտանեկան և կենցաղային բռնությունը հակաքաղաքակրթական երևույթ է։ Սակայն այս կարևոր հարցում հատվածական մոտեցումը նույնքան վտանգավոր է և հակաժողովրդավարական։

Մասնավորապես՝ ինչո՞ւ Աննա Հակոբյանը, Զարուհի Բաթոյանը և մյուսները լուռ էին, երբ բերետավորները բռնություն էին կիրառում Եռաբլուրում զոհվածների հարազատների նկատմամբ, կանանց ու մայրերին քաշքշում էին՝ առանց ամաչելու։ Այս 8 տարիներին ինչո՞ւ մեկ անգամ նրանք չէին հիշում այս կարևոր թեմայի մասին։ Օրինակ՝ ինչո՞ւ չէին պահանջում, որ ազատ արձակվեր 18 արդարների գործով անցնող Լիդյա Մանթաշյանը, կամ ինչո՞ւ մի պաշտպանող ելույթ չունեցան, երբ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր։ Ինչո՞ւ կոչ չեն անում ոստիկաններին բռնություն չկիրառել կին ցուցարարների, կին լրագրողների նկատմամբ։

Հիշենք նաև՝ Աննա Հակոբյանը ակտիվորեն մասնակցում էր հոգևորականների դեմ սկսված արշավին ու վատ բառեր գրում իր էջում նրանց հասցեին, ինչը հոգեբանական բռնություն է համարվում։ Այդ ժամանակ Զարուհի Բաթոյանն ինչո՞ւ չէր հուշում տիկնոջը, որ դա բռնություն է, հակաժողովրդավարական է, ներքին խաղաղությունը քայքայում է, խարխլում է հասարակական համերաշխությունը։

Գուցե ոմանց կարծիքով՝ սրանք տարբեր թեմաներ են, սակայն սերտորեն ագուցված են իրականում։ Տանն ի՞նչ է անելու այն ոստիկանը, որը փողոցում ծեծում է ցուցարարին, ձեռք կամ ձայն բարձրացնում իր աշխատանքը կատարող լրագրողի, օպերատորի վրա։ Ենթադրելի է, որ նա նույն հավեսով տանը ծեծելու է կնոջը, ձայն է բարձրացնելու տարեց ծնողի վրա, ձեռք է բարձրացնելու երեխայի վրա և այլն։ Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է, որ ոստիկանը բռնություն կիրառի ցուցարարի, քաղաքական գործչի, լրագրողի նկատմամբ, ապա դա հետևանքներ է ունենում նաև ոստիկանի տանը և արտահայտվում որպես ընտանեկան բռնություն։

Ընդդիմախոսների, Փաշինյանին քննադատողների հասցեին վիրավորական արտահայտություններ անող, ատելության խոսույթ տարածող ՔՊ-ականը ենթադրաբար նույնպես կվերաբերվի նաև իր ընտանիքի անդամների հետ։

Այս վերաբերմունքն արձագանք է գտնում նաև հասարակության մեջ։ Մարդիկ օրինակ են վերցնում ՔՊ-ական պաշտոնյաներից և իրենց շրջապատում ատելության խոսույթ տարածում, վիրավորում իրենց ընտանիքի անդամներին, գործընկերներին և այլն։

Ինչո՞ւ Աննա Հակոբյանը և Զարուհի Բաթոյանը այս մասին նախագիծ չեն բերում ԱԺ, որով կսահմանեն, որ ՀՀ իշխանությունները, բարձր և պատասխանատու պաշտոն զբաղեցնողները պետք է բարեկիրթ լինեն, չհայհոյեն, ատելություն շաղ չտան, վատ օրինակ չծառայեն ժողովրդին, որ մարդիկ չչարանան ու միմյանց նկատմամբ բռնություն չկիրառեն, կանանց ու երեխաներին չծեծեն, ծնողներին հարգեն, նրանց վրա չգոռան, չծաղրեն։

Ի վերջո՝ բազմաթիվ ասեկոսեներ են տարածվում, թե իշխանության ներսում ինչպիսի հոգեբանական բռնություն է կիրառում Նիկոլ Փաշինյանը թիմակիցների նկատմամբ, ինչպես են թիմակիցները վախենում նրա բարկությունից։ Բնականաբար՝ այդ կարգի բռնության ենթարկվող պաշտոնյան նույնպիսի բռնություն է կիրառում իր ենթակայի նկատմամբ, և այդպես շարունակ։ Այդ շղթայական բռնության արդյունքում կուտակված չարությունն էլ վերջում պայթում է ընտանիքներում՝ խեղճ կանանց, երեխաների, տարեցների գլխին։

Կարճ ասած՝ քաղաքականություն որոշողներն այսօր խրախուսում են բռնությունը քաղաքացիների նկատմամբ, անտարբեր են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, ատելություն են տարածում ու բռնություն սերմանում։ Հետևաբար՝ ընտանեկան ու կենցաղային բռնության դեմ նախագիծը ժամանակավրեպ է և անտեղի, ժամանակի և միջոցների անիմաստ վատնում է։

Այսինքն՝ Աննա Հակոբյանը նախ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին պիտի ազատի բռնության փիլիսոփայությունից։ Այսինքն՝ նախ պաշտոնյաները պետք է բարեկիրթ դառնան, հրաժարվեն ատելությունից, միմյանց, ընդդիմախոսների, քաղաքական մրցակիցների, ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրելու, ասֆալտին փռելու հակաքաղաքակրթական գործելաոճից։ Եվ երբ այս առումով՝ մարդ կդառնան, այն ժամանակ էլ Աննա Հակոբյանն ու Զարուհի Բաթոյանը կարող են ընտանեկան ու կենցաղային բռնության մասին նախագիծը բերել ԱԺ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր