Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 27-10-2026

Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ողբերգական տարելիցը առիթ է անդրադառնալու մի խնդրի, որը վրիպում է շատերի աչքից։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, 91-ը՝ պատանդառվել։

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ «ուչաստկովիի գործ» էր, բացահայտելու համար առանձնակի ջանք հարկավոր չէր։ Բայց զոհերի հարազատները, տուժածները, նրանց ժառանգները բավարարված չեն բացահայտման ընթացքից, նրանք դեռ արդարություն են ակնկալում, հույս փայփայում, որ մի օր ՀՀ-ում նորմալ իշխանություն կձևավորվի ու կբացահայտի Հայաստանի դեմ ուղղված այս հանցագործությունը։

Ինչո՞ւ քննիչները չեն կարողանում արդարացնել հանրային ակնկալիքները։

Ենթադրյալ պատճառներից առաջինն իրավապահի հանդեպ հանրային վստահության ու հարգանքի պակասն է։ Մարդիկ ապրիորի չեն վստահում իրավապահին։ Օրինակ՝ շատ վաղուց Հայաստանում չկա այնպիսի քննիչ, որը կգործի բացառապես հանուն օրենքի և արդարության, նույնիսկ՝ ի հեճուկս իշխանությունների, կասի ճշմարտությունը։

Եթե որևէ քննիչ համարձակվի կանգնել օրենքի դիրքերում և չընկճվի վերադասի հակաժողովրդավարական հրահանգներից, ապա հանրությունը կլցվի հավատով, որ քննիչները կարող են անաչառ լինել, բացահայտել նույնիսկ այնպիսի հանցագործությունները, որոնք ունեն քաղաքական աստառ, ինչպես օրինակ՝ Հոկտեմբերի 27-ն է։

Ենթադրելի է, որ եթե իրավապահի հանդեպ հանրային հարգանքը բարձր մակարդակի վրա լիներ, եթե քննիչներն ազնիվ, անկաշկանդ, սկզբունքային լինեին, ապա Հոկտեմբերի 27-ի անջատված մասը կբացահայտվեր, կազմակերպիչները կմերկացվեին, հանրությունը կիմանար ճշմարտությունը, հանրության և իշխանությունների միջև համերաշխություն ու ներդաշնակություն կլիներ, պետության առաջընթացի մեծ հնարավորություններ կբացվեին։

Քննիչի կրավորական կեցվածքի օբյեկտիվ պատճառ էլ կա։ Քննիչը տեսնում է, որ Փաշինյանն իր որոշումներում անկախ չէ, կատարում է Կրեմլի հրահանգները, ընկրկում ռուսական շանտաժների առաջ։ Եվ իրավապահն ընդօրինակում է Փաշինյանին, և առանց մտածելու՝ կատարում Փաշինյանի հրահանգները։

Սակայն խնդիրը միայն քննիչների մասնագիտական կարողությունների կամ անձնական սկզբունքայնության մեջ չէ։ Երբ հասարակությունը համոզված չէ, որ իրավապահ համակարգն անկախ է քաղաքական իշխանությունից, ցանկացած չբացահայտված հանգամանք նոր կասկածի տեղիք է տալիս։

Իսկ Հոկտեմբերի 27-ի նման ողբերգության դեպքում կասկածները չեն մնում միայն անցյալի շրջանակներում. դրանք ազդում են նաև ներկայի նկատմամբ հանրային վերաբերմունքի վրա։ Եթե պետությունը չի կարողանում փարատել իր ամենածանր հանցագործություններից մեկի շուրջ կուտակված հարցերը, ինչպե՞ս կարող է քաղաքացիներից պահանջել անվերապահ վստահություն։

Կարճ ասած՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցը չի կարող լուծվել տարելիցների ժամանակ հնչող ցավակցական խոսքերով, խոնարհված ծաղիկներով կամ հերթապահ հայտարարություններով։ Անհրաժեշտ է քաղաքական կամք, անկախ քննություն և օրենքին ու արդարությանը նվիրված իրավապահ համակարգ, որի համար ճշմարտությունն ավելի կարևոր կլինի, քան իշխանության կոմֆորտն ու պարգևավճարը։ Այսինքն՝ երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը կդառնա, այն ժամանակ կարող ենք վստահաբար ասել, որ կբացահայտվի ոչ միայն Հոկտեմբերի 27-ն, այլև քաղաքական մյուս աղմկահարույց հանցագործությունները։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով