Ներքին Տեսանյութ 17 րոպե առաջ - 11:58 03-09-2026

Քննիչները մեր գործերով գումարներ են յուրացրել, բնականաբար, իրենց փակած գործերը երբեք չեն բացահայտի

Մերի Հակոբյան

Լրագրող

Սևազգեստ մայրերից մեկը, անդրադառնալով նախկին քննիչների՝ համակարգում շարունակելու վերաբերյալ Աննա Վարդապետյանի հայտարարությանը, պնդեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Դա մեծագույն սուտ է։ Մենք կարող ենք ապացուցել և բազմիցս ասել ենք, որ նրանք շարունակում են աշխատել և նույնիսկ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Կոնկրետ մեր առաջին քննիչը՝ Արման Ապրեսյանը, այսօր Գորիսի կայազորի դատախազն է։

Որպեսզի պատկերացնեք՝ նրանք բոլորը շարունակում են աշխատել և չեն ցանկանա, որ իրենց կողմից հարուցված կամ փակված գործերը բացահայտվեն։ Մենք պնդում ենք, որ այդ գործերով նրանք նաև գումարներ են յուրացրել, և բնականաբար, իրենց կողմից փակված գործերը իրենք երբեք չեն բացահայտի»,– ասաց նա։

Ծնողը նաև ներկայացրեց իր որդու՝ Վալերիկ Մուրադյանի զինվորական ծառայության հանգամանքները՝ նշելով, որ նա ողբերգական դեպքից առաջ որևէ բողոք չի ներկայացրել ծառայակիցների վերաբերյալ։

«Իմ տղան ընդամենը երեք ամիս և 20 օր է ծառայել։ Նա նույնիսկ չի հասցրել երկու ամիս լիարժեք ծառայել, քանի որ առաջին երկու ամիսը կարանտինի մեջ են եղել, իսկ երդումը դրանից հետո է եղել։ Դրանից հետո տղաս ծառայել է մոտ մեկ ամիս և 20 օր։ Այդ ընթացքում նրան որպես լավագույն զինվոր ցուցակ են բերել և խրախուսել։ Մենք մեքենա ենք ունեցել, ամուսինս միշտ մեքենաներով է զբաղվել, և տղաս որոշ չափով հասկանում էր ԿԱՄԱԶ-ից։ Զորամասում նա մեքենայի հետ կապված աշխատանքներ էր կատարում։

Զորամասի սպաներից մեկն ասել էր՝ «Վալերիկ ջան, ես քեզ տանելու եմ մեր մոտ ծառայես վերանորոգման վաշտում»։ Նրան նաև ԿԱՄԱԶ մեքենա էին վստահել։ Մի անգամ տագնապի ժամանակ տղաս զանգել և ասել էր․ «Մամա, պապա, ես 50 կիլոմետր գնացել եմ, 50 կիլոմետր եկել եմ»։

Նա պատմել էր, որ այդ ընթացքում տեսել է՝ ինչպես մեքենայի վրա արկ է բարձրացել։ Երդման օրը մենք գնացել էինք զորամաս, և սպաները մեզ դիմավորել էին՝ հարցնելով՝ ովքեր են Վալերիկ Մուրադյանի ծնողները։ Նրանք հատուկ շնորհակալություն էին հայտնել մեզ՝ նշելով, որ իրենց լավ պատրաստված զինվոր ենք տվել։ Մեկ այլ տագնապի ժամանակ մեքենայի լույսն անջատվել էր։

Տղաս իջել էր, երեք րոպեի ընթացքում վերանորոգել էր և հասցրել ժամանակին շարժվել։ Նրան այդ ամենի համար գովում էին և խրախուսում։ Սակայն ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ նա ականատես եղավ վառելանյութի գողության։ Այդ մասին այն ժամանակ նաև զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն էր հայտարարել։ Նա իմ տղայի գործի վերաբերյալ ասել էր, որ Վալերիկ Մուրադյանը զորամասում բազմաթիվ չարաշահումների ականատես է եղել, և որ այդ ուղղությամբ քննություն է իրականացվում, իսկ մեղավորները կպատժվեն»։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի