Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի այցը Հայաստան և կարևորել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխության արարողությունը մեր երկրում անցկացնելը։ «Սա մեզ համար շատ լավ ու հաճելի նորություն է։ Մենք գիտենք, որ այն շատ հեղինակավոր մրցանակ է, և այս երեկո ես նույնպես կմասնակցեմ այդ արարողությանը, ինչը մեծ պատիվ է ինձ համար։
Գիտեք, որ Հայաստանում ընթանում է COP17-ը։ Կենսաբազմազանության ու կայունության հարցերը դառնում են ավելի ու ավելի կարևոր մեզնից յուրաքանչյուրի համար։ Հուսով եմ, որ միջազգային համագործակցության շնորհիվ մենք ի վիճակի կլինենք ինչ-որ լուծում գտնել այս գլոբալ խնդրին։ Բարի գալուստ, կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին և Ձեր գնահատականը ներկայիս իրավիճակին»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Սա վերջին երկու տարվա ընթացքում իմ երկրորդ այցն է Հայաստան։ Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել։
Փորձում եմ այնպես անել, որ իմ կինն ու ընտանիքը նույնպես այցելեն Հայաստան, ոչ թե ուղղակի ծանոթանալու երկրին, հիանալի մշակույթին ու դարավոր պատմությանը, այլ նաև նախանշելու այն նախագծերը, որ կարող ենք համատեղ իրականացնել Հայաստանում։ Իհարկե, Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությունը Հայաստանում անցկացնելը մեզ համար շատ կարևոր է։
Նախորդ տարիների ընթացքում Հայաստանը մի շարք փուլերով է անցել, և այսօր մենք հիացած ենք տեսնել, թե ուր է այն հասել։ Նաև COP17-ն այստեղ անցկացնելն է շատ կարևոր»։
Հաջորդիվ Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն անդրադարձել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակին և մրցանակաբաշխության նպատակներին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Սաուդյան Արաբիա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու կապերի ընդլայնմանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։
Նիկոլ Փաշինյանը և Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևորությունը։