Ներքին 1 շաբաթ առաջ - 13:41 12-08-2026

Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը կարևորել է երիտասարդների կրթության, զարգացման, ստեղծարարության և քաղաքացիական մասնակցության դերը՝ ընդգծելով, որ պետության ռազմավարական առաջնահերթություններից է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

«Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից՝ երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքներն ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։

Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ պետության ամենամեծ հարստությունը մարդն է։ ՀՀ կառավարության զարգացման տեսլականում մարդկային կապիտալը դիտարկվում է որպես մեր երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը, իսկ կրթված, նախաձեռնող, ստեղծարար և պատասխանատու քաղաքացին՝ Հայաստանի զարգացման և մրցունակության հիմքը։ Այդ մարդկային կապիտալի ձևավորման առանցքում դուք եք՝ մեր երիտասարդները, որոնց գիտելիքը, արժեքները, մասնագիտական կարողությունները, ստեղծագործ միտքն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունն են ձևավորում Հայաստանը։

Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են երիտասարդական ոլորտի կարևորագույն բարեփոխումներ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է ոլորտի նոր իրավական հիմքը, որն ամրագրում է երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, երիտասարդական աշխատանքի զարգացումը, միջոլորտային համագործակցությունը և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր երիտասարդ լինի ոչ միայն պետական քաղաքականության շահառու, այլև դրա համահեղինակն ու գործընկերը։

Այս ճանապարհին կարևոր ձեռքբերումներից է 2018–2026 թվականների ընթացքում իրականացվող երիտասարդական միջավայրերի (կենտրոն ու տարածք) ստեղծման պետական միջոցառումը, որի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ ձևավորելու երիտասարդների համար ժամանակակից, անվտանգ և զարգացման հնարավորություններով հարուստ միջավայրեր։ Արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերի շնորհիվ ընդլայնվում է երիտասարդական ենթակառուցվածքների ցանցը, և 2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր։

Այս կենտրոններն ու տարածքները պարզապես ֆիզիկական վայրեր չեն. դրանք դարձել են համայնքային կյանքի ակտիվ կենտրոններ, որոնցում երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ, ներգրավվում են ոչ ֆորմալ կրթության, կամավորության, առաջնորդության, ձեռնարկատիրության և քաղաքացիական մասնակցության ծրագրերում, նախաձեռնում ու իրականացնում են փոփոխություններ իրենց համայնքներում։

Այսպիսով՝ այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», Հայաստանում ստանում է իր գործնական արտահայտությունը․ տարբեր համայնքներում ստեղծվող հնարավորությունները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա հավասար հնարավորություն զարգանալու, իրացնելու իր ներուժը և մասնակցելու երկրի զարգացմանը։

Սիրելի՛ երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել՝ ի բարօրություն մեր պետության ու հասարակության։

Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։

Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»,- ասված է նախարարի ուղերձում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից