Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 36 րոպե առաջ - 21:10 29-10-2026

Փաշինյանի վերջնաժամկետը, ողբերգական փլուզում Երևանում, վտարման գործում շրջադարձ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 29-ի ամփոփ լուրերը:

Էրեբունի վարչական շրջանում՝ դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքացիներ են մնացել փլատակների տակ։ Կա մեկ զոհ։ Փրկարարների և շտապօգնության բժիշկների ջանքերով փլատակների տակից դուրս է բերվել մեկ վիրավոր, ում տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով աշխատանքներ են տանվում մահացածի մարմինը դուրս բերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժածների ինքնությունը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի տեքստն անվանել է «հակապետական»՝ նշելով, որ դրանով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն։ Վարչապետը հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մաս է, որի իրականացման համար իրենք ստացել են մանդատ։ Անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի լինի, և ինքը հանդես կգա առաջարկով, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։ Ըստ նրա՝ ձևավորվելու է այնպիսի հանրային ճնշում, որ ընդդիմությունն իր քվեարկությամբ ստիպված կլինի հնարավոր դարձնել նոր Սահմանադրության հանրաքվեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ առաջիկայում հանրությանը կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլև անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թանդիլյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը սպառել է իրեն և ի վիճակի չէ արձագանքել երկրի մարտահրավերներին, ինչը գիտակցելով էլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել արտահերթ ընտրությունների թեզը։ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը ընդգծել է, որ իշխանական պատգամավորները առանց վարչապետի ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, և նշել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օգնել օր առաջ լքել պաշտոնը, քանի որ նա վաղուց չի տիրապետում իրավիճակին։

«Վարչապետի պաշտոնում իմ գործունեությունն ավարտելու եմ այն պայմաններում, երբ ստորագրված ու վավերացված կլինի խաղաղության պայմանագիրը․ հակառակ դեպքում դա կհամարեմ ձախողում»։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս ամեն օր պատճառներ են ստեղծվում խաղաղության օրակարգից շեղվելու համար, սակայն իշխանության ռազմավարությունը սեփական նպատակին հասնելն է։ Փաշինյանն ընդգծել է, որ դա նաև պատմությունից քաղած դաս է։

Oragir.News-ի հետաքննությունը տվեց իր իրավական արդյունքը. Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքի վտարման գործընթացը կասեցվել է, իսկ քաղաքացուն ծեծած ավագ հարկադիր կատարողը հեռացվել է համակարգից։ Դատարանը ապօրինի է ճանաչել Հարկադիր ծառայության որոշումը, ինչի շնորհիվ ավելի քան 30 տարվա տանտերերը, այդ թվում՝ 3 անչափահաս երեխա և զինծառայող, ձմռան շեմին փողոցում չեն մնա։ Oragir.News-ի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունից հետո, որտեղ լսվում էր քաղաքացու նկատմամբ բռնությունն ու հայհոյանքները լրատվամիջոցին հարցազրույց տալու համար, ՀԿԱԾ-ն հայտնել է, որ ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանն ազատվել է աշխատանքից։

Տեսանյութ: