ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի և Արգոնի ազգային լաբորատորիայի գիտնականները ստեղծել են նորարարական գործվածք, որը կարող է կեղտաջրերից հեռացնել ֆոսֆատները և հնարավորություն տալ դրանք կրկին օգտագործել պարարտանյութերի արտադրության մեջ։
Մշակումը կարող է օգնել լուծել միանգամից երկու բնապահպանական խնդիր՝ կանխել ջրամբարների աղտոտումն ու ջրիմուռների վտանգավոր ծաղկումը, ինչպես նաև վերականգնել պարարտանյութերի արտադրության համար անհրաժեշտ սահմանափակ ռեսուրսը։
Գործվածքը պատրաստված է ածխածնային նյութից՝ մագնետիտի նանոմասնիկների ծածկույթով։ Էլեկտրական լարման ազդեցությամբ այն կլանում է ջրի մեջ առկա ֆոսֆատները, իսկ էլեկտրական բևեռականությունը փոխելու դեպքում ազատ արձակում դրանք՝ առանց լրացուցիչ քիմիական նյութերի օգտագործման։
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ 1,2 վոլտ լարման դեպքում ֆոսֆատների կորզման արդյունավետությունը մոտ 2,6 անգամ բարձր է եղել, քան առանց էլեկտրական ազդեցության։
Գիտնականների հաջորդ քայլը տեխնոլոգիան իրական կեղտաջրերում փորձարկելն ու դրա կիրառման մասշտաբները մեծացնելն է։ Եթե փորձարկումները հաջողվեն, նոր մշակումը կարող է դառնալ ջրի մաքրման և արժեքավոր հանքային ռեսուրսների վերականգնման արդյունավետ միջոց։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS ES&T Engineering գիտական ամսագրում։