Ուղիղ եթեր
Ներքին 5 ժամ առաջ - 11:40 17-11-2026

Ավետիք Չալաբյանը ներկայացրել է ՌԴ դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման մանրամասները

Այս պահին ընթանում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Դատարանում Ավետիք Չալաբյանը մանրամասն ներկայացրեց իր դիրքորոշումը ՌԴ դեսպանատան աշխատակցի հետ ունեցած հանդիպման և իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։

Ըստ մեղադրանքի՝ Չալաբյանն այդ հանդիպմանը գնացել է ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով։

Սակայն Ավետիք Չալաբյանի պնդմամբ՝ ինքը ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Մալիշևի հետ կյանքում ընդամենը մեկ անգամ է հանդիպել։ Դրանից առաջ՝ հունվարի սկզբին, վերջինս նրան էր փոխանցել դեսպանի շնորհավորական բացիկը։

«Հունվարի վերջին Մալիշևը զանգահարել և հրավիրել է հանդիպելու առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշչյանի հետ՝ պարզապես ծանոթանալու և սուրճ խմելու նպատակով»,- ներկայացրել է Չալաբյանը։

Հանդիպումը տևել է մոտ 30 րոպե։ Այդ ընթացքում նրանք զրուցել են ընդհանուր թեմաների շուրջ, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների, ընտրությունների թափանցիկության և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հնարավորությունների մասին։

Չալաբյանը հստակեցրել է, որ հանդիպման ընթացքում որևէ քաղաքական ուժի կամ կոնկրետ գործընթացի մասին խոսք չի եղել։

Մեղադրանքի այն պնդմանը, թե ինքն այդ հանդիպմանը գնացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքին սատարելու կամ ընտրություններին միջամտելու նպատակով, Ավետիք Չալաբյանը հակադարձել է՝ նշելով, որ այն անհիմն է։ Նրա խոսքով՝ փետրվարի սկզբին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման դաշինքներ և համագործակցություններ դեռևս գոյություն չունեին։

Համագործակցության հուշագրերը ստորագրվել են ավելի ուշ՝ փետրվարի վերջին և ապրիլի վերջին։

Նիստի ընթացքում քննարկվում է նաև տեսագրության զննության և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի ներգրավման հարցը։