«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի կառուցվածքային վերակազմավորման հավակնոտ ծրագիր է մշակել՝ ֆինանսական դրությունը բարելավելու և հսկայական եկամուտներ ապահովելու նպատակով։
Նախատեսվում է ակումբի բաժնետոմսերի մի մասը, սակայն ոչ վերահսկիչ փաթեթը, վաճառել ֆինանսական ներդրողների, ինչը թույլ կտա շուրջ 1 միլիարդ եվրո ներգրավել։
Ինչպես հաղորդում է The Touchline պարբերականը, թեև Պերեսն իր ծրագիրը դեռ հրապարակայնորեն չի քննարկել, պոտենցիալ ներդրողների թվում արդեն շրջանառվում են ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյի և Sixth Street ներդրումային ընկերության անունները։
Այս նախագծի մյուս ինտրիգային կետը վերաբերում է ակումբի ապագա նախագահի հարցին։
Հաղորդվում է, որ Պերեսն աստիճանաբար այդ պաշտոնի համար նախապատրաստում է Ռաֆայել Նադալին։ Իսպանացի լեգենդար թենիսիստը նախկինում արդեն ընդունել է «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու հրավերը։
Այդուհանդերձ, Նադալը դեռ չի հայտարարել նախագահական ընտրարշավ սկսելու մասին, իսկ ակումբի անդամակցության ներկայիս խիստ պահանջները կարող են խանգարել նրան առաջադրվել մինչև 2031 թվականը։