«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագծին, որպեսզի ստիպված չլինեն արտահերթ ընտրությունների գնալ, այլ՝ հանրաքվե նշանակեն։
Թերթի աղբյուրի խոսքով, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է ընդունել դատաիրավական եւ մյուս ոլորտները բարեփոխելու ընդդիմության առաջարկները, միայն թե պակասող ձայները տան՝ գնան հանրաքվեի»։
--
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իրավապահ համակարգում քննարկվել է ՀԷՑ-ի գործունեության հետ նախկինում առնչություն ունեցած ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման հարցը։
Մասնավորապես, թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սուքասյանն ու Դավիթ Ղազինյանը»։
--
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական ծանրամարտի մարզահարթակներում սկսել են այնպիսի «բարձունքներ» գրանցվել, որոնցից մարզասերների սիրտը ոչ թե տեղն է ընկնում, այլ՝ կոկորդը։ Մեդալների փոխարեն հավաքականը գնալով ավելի հաճախ հիասթափություն է բերում, իսկ համացանցն ու սպորտային ֆորումներն օր օրի ավելի բարձր են պահանջում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։ Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել:
Թերթը գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել նախկինում եվրոպական երկրներում դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը»։
--