Նոյեմբերի 10-ին Երևանի ավտոբուսներից մեկում քաղաքապետարանի հսկիչ աշխատակիցը 13-ամյա աղջկան իջեցրել է ավտոբուսից՝ նրան թողնելով միայնակ, անծանոթ կանգառում։ Պատճառն այն է եղել, որ երեխայի տրանսպորտային քարտի հաշվեկշռին գումար չի եղել, թեև ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել էր հայրը։
Դեպքի ընթացքում ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ուղևորներից ոչ մեկը չի արձագանքել տեղի ունեցածին և չի փորձել պաշտպանել անչափահաս երեխային։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների տեսակետները, թե ինչո՞ւ 13-ամյա երեխային ավտոբուսից իջեցնելու ժամանակ ուղևորներից ոչ մեկը չի միջամտել և չի փորձել պաշտպանել նրան, ինչո՞վ է պայմանավորված հասարակության նման անտարբերությունը։
Քաղաքացիներից մեկն ուղևորների լռությունը պայմանավորեց վախով՝ նշելով. «Նիկոլը բոլորին վախեցրել է, վախենում են խոսեն, մի բան ասեն, կարող է տանեն, կալանավորեն»։ Նա ընդգծեց, որ ինքն այդ իրավիճակում անպայման կարձագանքեր և կպաշտպաներ երեխային։
Մեկ այլ քաղաքացի, պատասխանելով այն հարցին, թե ինչու ուղևորները չեն պաշտպանել երեխային, ասաց. «Ինչո՞ւ պետք է պաշտպանեին, ի՞նչ տարբերություն՝ երեխա է, մեծ է՝ պետք է վճարի»։
Հարցվածներից մեկն էլ տեղի ունեցածը պայմանավորեց մարդկանց անտարբերությամբ՝ ընդգծելով. «Դա մարդկանց անտարբերությունից է, անպայման պետք է արձագանքեին»։ Նրա խոսքով՝ մարդկային վերաբերմունք պետք է ցուցաբերեր նաև ավտոբուսի վարորդը։
Մանրամասները`տեսանյութում: