ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Ֆեյսբուքի իր էջում հիացական գրառում է արել ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված։
«Հայերը մեկ քայլով ավելի են մոտենում առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն»,- գրել է Կոսը՝ ընդգծելով, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում կներդրվեն նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կհեշտացնեն սահմանային անցումն ու միջազգային ճանապարհորդությունները։
Մարթա Կոսի այս գրառումից ուրախացել են արտագնա աշխատողները, եվրոպական բուհերում սովորելու երազանք ունեցողները, ճանապարհորդելու սիրահարները։ Ոմանք արդեն պատկերացնում են, որ առանց վիզայի կարող են ԵՄ երկրներ գնալ, աշխատել, սովորել, ապրել բարեկեցիկ, առաջադեմ երկրներում։
Իսկ քանի՞ քայլ դեռ պիտի անեն ՀՀ քաղաքացիները, որ առանց վիզայի ԵՄ գնան։
Այս մասին Սակայն Մարթա Կոսը բան չի ասում։ Նիկոլ Փաշինյանը հանձնառություն է ստանձնել, որ մինչև 2029-ը իրականացնելու է մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ։ Դրանից հետո ասում են՝ ԵՄ-ն թույլ կտա ՀՀ քաղաքացիներին, որ առանց վիզայի գնան ԵՄ։ Այդ բարեփոխումների հետ է կապվում նաև Հայաստանի ԵՄ անդամակցությունը։ Մնում է հասկանալ, թե ի՞նչ բարեփոխումներ են պահանջվում, կարո՞ղ է Հայաստանն անել այդ քայլերը։ Դրանց շարքում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը բա՞րդ քայլ էր, թե՞ հեշտ։
Այս պահի դրությամբ հոռետեսություն կա, որ ՀՀ իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ չեն կարող անել։ Մասնավորապես՝ կարո՞ղ են ապահովել դատական համակարգի անկախությունը, իրավապահ մարմինների անաչառությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Կարո՞ղ են դեսովետիզացում անել, դուրս հրավիրել ռուսական ռազմաբազան և այլն։ Մարթա Կոսի կարծիքով՝ սրանք ԵՄ առանց վիզա ճամփորդելու քայլե՞ր են։
Թե՛ օրվա, թե՛ նախկին իշխանությունները ընդդիմադիրներին որակել են ռուսական գործակալ։ ՔՊ-ական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի բոլոր քննադատներին ռուսական գործակալ է որակում։ Տասնյակ կուսակցություններ և տասնյակ քաղաքական գործիչներ կան, որոնք չեն էլ թաքցնում, որ ռուսամետ են։ Եթե բոլորին գումարենք, ապա կստացվի, որ ՀՀ-ում բազմաթիվ ռուսական գործակալներ կան։
Օրեր առաջ Հունգարիան հայտարարեց, թե լյուստրացիա է անելու և գաղտնազերծելու է մոտ 55 հազար անուն, որոնք ռուսական գործակալ են եղել։ Հայաստանը նույնպիսի գաղտնազերծում է անելու վաղ թե ուշ։ Ըստ Մարթա Կոսի՝ լյուստրացիան ԵՄ առանց վիզայի ճանապարհի քա՞յլ է։
Հայաստանում միշտ դժվար է եղել ԵՄ վիզա ստանալը։ ԵՄ երկրների դեսպանատները անհարգալից, երբեմն՝ արհամարհական վերաբերմունք են դրսևորել ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Վերջին շրջանում նույնիսկ իրենց գործառույթների մի մասը պատվիրակում են մասնավոր կազմակերպությունների։ Այդ աստիճանի զզվում են ՀՀ քաղաքացիներից։ Քանի՞ քայլ պիտի անենք ԵՄ առանց վիզա գնալու ճանապարհին, որ ԵՄ դեսպանատների անհարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ փոխվի։ Մարթա Կոսն այս մասին կարո՞ղ է պարզ ասել։
Իրականում՝ Հայաստանն այս պահին հեռու է ոչ միայն ԵՄ անդամ դառնալուց այլև առանց վիզա ԵՄ մուտքի ստանալու իրավունքից։ Այս համատեքստում Մարթա Կոսի գրառումը, կարծես՝ հեգնանք լինի։
Բացի այդ, ժողովրդավարական բարեփոխումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այդ չափանիշները պետք է իրապես կյանքի կոչել։ Եթե Հայաստանում ընդդիմադիր գործիչներին հետապնդում են, եթե պետական պաշտոնյաները անհարգալից վերաբերմունք ունեն դատարանների հանդեպ, եթե իշխանությունը քննադատող լրատվամիջոցները պիտակավորվում են որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, ապա ի՞նչ ժողովրդավարական առաջընթացի մասին կարող է խոսք լինել։ Կենսաչափական անձնագիր ունենալը, իհարկե, տեխնիկական առաջընթաց է, բայց դրանով պետությունը ժողովրդավարական չի դառնում, որ ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործելու իրավունք տան։
Կարճ ասած՝ առանց վիզայի Եվրոպա մեկնելու ճանապարհին մեկ քայլ անելը դեռ չի նշանակում, որ նպատակակետը մոտ է։ Մարթա Կոսը կարող է ուրախանալ ՀՀ կենսաչափական նոր անձնագրերով, բայց Հայաստանի քաղաքացիներին միայն նոր անձնագիրը բավարար չէ։ Լավ կլինի եթե ՀՀ իշխանություններն այնպիսի քաղաքականություն վարեն, որ ԵՄ երկրների դեսպանատները իրապես հարգեն ՀՀ քաղաքացիներին։ Այդ ժամանակ կարող ենք ասել, որ իսկապես մոտ ենք ԵՄ առանց վիզա գնալուն։
Թաթուլ Մկրտչյան