copy image url
Միտք 1 տարի առաջ - 23:19 05-05-2022

«Լենինյան տանգո». մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ…

«Հետքով գնացողը առաջինը լինել չի կարող»,- վստահեցնում է չինական ասացվածքը: Բարբառված աքսիոմը ճիշտ է չինացիների համար, նրանց դիտարկմամբ, կառարկեն շատերը ու կհակադարձեն՝ «Հայերիս համար առաջնայինը ոչ թե առաջինը լինելը, այլ ուրիշների կողմից փորձարկված, դրական արդյունք արձանագրած «հարյուրտոկոսանոց ելքի» տեղայնացումը, այլ կերպ՝ «տակ չտալն» է էականը: Ու ամենևին էլ կարևոր չէ, թե դա որ ոլորտին, բիզնեսի որ ճյուղին է վերաբերում:

Եթե առատ բերք ունեցած գյուղացին, օրինակ, այդ տարի կարողանում է աճեցրած սխտորը ձեռնտու գնով վաճառել, ապա հաջորդ տարի եթե փորձի նույնն անել, ապա հաստատ տակ կտա՝ նախանձ հարևանների ընդօրինակման արդյունքում ստեղծված լճացման՝ «զալեժի» պատճառով:

Հայաստանում չի կարելի «Քենոյի» սրահ բացել ու հաստատ համոզված լինել, որ երկրորդ նույնպիսի սրահը քոնինին կպած չի լինելու: Մինչդեռ արտերկրում նույնատիպ իրավիճակներում փորձում են միմյանց գործին հնարավորինս չխփել ու զերծ մնալ երկուստեք վնասակար քայլերից: Այնտեղ «Քենոյի» սրահի հաևանությամբ ոչ թե երկրորդ «Քենոն», այլ արագ սննդի ու տարադրամի փոխանակման կետեր կհայտնվեին, որ բոլորի գործն էլ «քայլեր»:

Որ Հայաստանում միմյանց ընդօրինակելը, միմյանց կապկելը կյանքի նորմ է դարձել, փաստ է: Փաստ է նաև այն, որ անհատներից բացի, այս արատավոր երևույթի «գերին» են դարձել նաև հանրային շարժումները: Վատ շրջապատում հայտնված երեխայի նման, փողոցային պայքարի դրոշ պարզած խորհրդարանական ընդդիմության համակիրները՝ իրենց սլաքավարների գլխավորությամբ, սպունգի նման «առինքնում» են բացօթյա պայքարի ու փողոցային վարքի գործելաոճն ու ոչ վաղ անցյալում հենց իրենց կողմից մերժված հնարքները՝ «Ազատության» հրապարակում հակասանիտարական «վիգվամների» տեղադրումից մինչև բետոնախառնիչ մեքենաներով ճանապարհների փակում, բոլորին «դադարգյուն» անող ավտոմեքենաների ազդանշանների բազմաձայն կաղկանձից մինչև այլախոհների «զգետնում» փողոցային «տատամիների» վրա:

Հետաքրքիր է, չէ՞, թե ինչու է մեզ մոտ՝ Հայաստանում, ամեն ինչ այսքան հնաբույր ու անասելիորեն չարչրկված՝ զուրկ նորարարական մոտեցումներից ու կրեատիվությունից: «Կապիտուլյանտ ու հողատու» պիտակավորված այսօրվա իշխանություններին մահու չափ ատող մեր «սև» հայրենակիցները ինչու են նույն կերպ վարվում, ինչու են նույնն անում, ինչ ՔՊ-ականները «Նիկոլի վախտերով»…

Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ այսքան անհամ,ապաշնորհ, գռեհիկ ու վայրենաբարո ձևեր ստանում…Բարիկադի տարբեր կողմերում հայտնվածները ինչո՞ւ չեն փորձում «ակն ընդ ական»-ի ու «սեպը՝ սեպով»-ի փակուղի տանող ճանապարհը բացառել՝ ի գիտություն ընդունելով մարտիմեկյան եղերական դեպքերի չչորացող արյունը… Թե՞ անհրաժեշտ է տոտալ շանտաժը «վառ պահել» մինչև տեկտոնական ցնցումների երկրորդ ճակատի բացումը…

Եթե անկեղծ, ապա պիտի նկատենք, որ հապճեպ հղացած այս բեմադրությունը զուրկ է և՛ իմաստից, և՛ էսթետիկայից…Տպավորությունն այնպիսին է, ասես ուր որ է բեմում կհայտնվի իրական սլաքավարն ու մասնակիցներին կհաղորդի՝ «Պատերազմն ավարտվեց, բոլորին շնորհակալություն…Կարող եք տուն գնալ…»: