Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած վերջին վիճակագրական տվյալների՝ եթե 2010-2017 թվականներին զինված ուժերում արձանագրվել էր ոչ մարտական մահվան 299 դեպք, ապա 2018-2025 թվականներին այդ թիվը հասել է 427-ի։
Սա փաստում է, որ 2018 թվականից հետո զինվորների ոչ մարտական մահվան դեպքերն աճել են շուրջ Ինչ խորքային հոգեբանական խնդիրներ են թաքնված այս ցավալի վիճակագրության հետևում, և որոնք են բանակային միջավայրում ճնշումների, նվաստացումների ու հոգեբանական աջակցության բացակայության հետևանքները։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։
Անդրադառնալով ներկայացված մտահոգիչ
վիճակագրությանը՝ հոգեբանն ընդգծեց, որ 43% աճը չափազանց ծանր, բայց միևնույն ժամանակ անզեն աչքով տեսանելի իրողություն է, որը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով։ Ըստ նրա՝ նախկինում, երբ հայկական բանակը նոր էր ձևավորվում ու զարգանում, բազմաթիվ նմանատիպ խնդիրներ հաջողությամբ հաղթահարվում էին, սակայն վերջին տարիներին իրավիճակ է փոխվել։ «Ես պիտի ստանդարտ մի բան ասեմ՝ բանակը հասարակության հայելին է։ Հասարակության մեջ տեղի ունեցող այս փոփոխությունները, նաև թիրախավորված բանակի կազմաքանդումը, այդ «ելակային», «ներքնաշորային» և այլն տրամաբանությունը բանակ մտցնելը՝ նշանակում է բանակի ներքին տրամաբանությունը խախտել, նշանակում է թուլացնել»,- նշեց Կարինե Նալչաջյանը։ Մասնագետի դիտարկմամբ՝ քաղաքացիական կյանքում արձանագրվող բարոյական հետընթացն ու հանցագործությունների թվի աճն ուղղակիորեն պրոյեկտվում են զինվորական միջավայրի վրա․ «Բարոյական արժեքների անկումը, միջանձնային հարաբերություններում Աստված գիտի ինչ արժեքային համակարգով կողմնորոշվելը, այն, ինչ հաղթահարվել էինք, նորից գլուխ է բարձրացրել»։
Ոչ մարտական մահերի աճի հոգեբանական պատճառների թվում փորձագետն առանձնացրեց նաև կրած դաժան պարտության և պատերազմական ծանր հիշողությունների գործոնը։
Նրա խոսքով՝ դա դասական իմաստով պարտություն չէր, այլ դավաճանված պատերազմ, որտեղ մարդկանց ուղարկեցին «բայրաքթարների տակ», չնայած հայ մարտիկը կարողացավ հերոսաբար պայքարել 44 օր։ Սպառազինության կորուստն ու ընդհանուր մթնոլորտը ևս հոգեբանական ծանր ազդեցություն են թողել։
Հոգեբանն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այսօրվա առաջնագծում կանգնած 18 տարեկան երիտասարդների անձի ձևավորումն անցել է հենց վերջին տարիների հանրային բացասական մթնոլորտում, ինչն այժմ տեղափոխվել է բանակային ներքին հարաբերություններ։
Կարինե Նալչաջյանը հիշեցրեց, որ դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին ներդրվել էր բանակային հոգեբանների հաստիքը, որոնք անցնում էին հատուկ վերապատրաստումներ։ Հետագայում գնդերեցների՝ հոգևորականների ներկայությունը բանակում էականորեն մեծացրել էր ապահովության զգացումը։
«Երբ մեր բանակից հանեցին գնդերեցներին՝ հոգևորականներին, դա հոգեբանական հարված էր բանակին։ Զինվորական ծառայությունը շատ յուրահատուկ հոգեբանական միջավայր է, յուրահատուկ ապրումներ և սթրեսային իրավիճակներ են։ Եթե կողքիդ կա հոգևորական կամ հոգեբան, ով քո կողքին է կյանքիդ ծանր պահին, մարդը միայն խոսքով, իր ապրումների մասին պատմելով ու ունկնդիր գտնելով արդեն թեթևանում է։ Եթե նրա մտքում կա ինքնասպանության դիմելու չարաշուք միտքը, նա կհրաժարվի դրանից»,- ընդգծեց նա։
Հոգեբանը փաստեց, որ համազգեստով սպայի կամ դրսից կարճ ժամանակով այցելող մասնագետի առջև զինվորները հաճախ չեն անկեղծանում՝ զգուշանալով վերադասին զեկուցելու վախից։ Մինչդեռ հոգևորականի հետ ձևավորվող բնական վստահության մթնոլորտը նախկինում անտեսանելի կերպով բազմաթիվ կյանքեր է փրկել։
«Հիմա այս բոլոր գործոնները միացել են իրար, և մենք ունենք այս ողբերգական պատկերը, որտեղ ամեն մի մարդկային ողբերգություն նաև մեծ ազգային ողբերգություն է»,- իր խոսքն ամփոփեց Կարինե Նալչաջյանը։
Հասմիկ Մովսիսյան