Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 54 րոպե առաջ - 19:03 15-10-2026

Ամեն հաջորդ քաղաքապետի օրոք լսում ենք միայն հուզական ելույթներ․ Նուբարաշենի աղբավայրը և խոստումները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում ծառերի զանգվածային հատումները, Նուբարաշենի աղբավայրի հրդեհներն ու Հրազդանի կիրճի աղտոտումը փաստում են մեկ բան՝ մայրաքաղաքում չկա գիտական ու ճիշտ բնապահպանական ծրագիր։

Քաղաքային իշխանությունների քայլերը ոչ թե լուծում, այլ խորացնում են էկոլոգիական աղետը։

«Ես դժվարանում եմ ասել, թե Նուբարաշենի հետ կապված ինչով է այս ամենը կավարտվի, որովհետև վերջին 30 տարում անվերջ լսում ենք, որ աղբի վերամշակման գործընթացներ են սկսվում և պետք է կառուցվի վերամշակման գործարան։ Այս հարցին շատ թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև ամեն հաջորդ քաղաքապետի օրոք հուզական ելույթներով մեզ ասում են, թե արդեն մրցույթ է հայտարարված, գործընթացները սկսվել են։ Բայց ինչպես ասվում է՝ ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, մեկ էլ՝ այսօր։ Երբ վերջին անգամ հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբանոցում (որը նույնիսկ աղբավայր էլ չէ), Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ դա միտումնավոր այրում էր։ Անցավ երկար ժամանակ, ու այդպես էլ չհասկացանք՝ գտա՞ն այդ մարդուն, ով անվերջ այրում էր աղբավայրը. թեման ուղղակի անցավ-գնաց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

«Բնապահպանական խոշոր միջոցառմանը՝ COP17-ին ընդառաջ, «Մերիդիան» կենտրոնի մոտակայքից շինարարական թափոնները լցնում էին Հրազդանի կիրճ՝ կոտրելով ու ոչնչացնելով ծառերը, ինչի մասին լրագրողները սուր ռեպորտաժ էին պատրաստել: Հրազդանի կիրճը Երևանի կանաչ կմախքի ողնաշարն է, որն այսօր ուղղակի ոչնչացվում է։ Իսկ Երևանյան լճում անձամբ տեսել եմ կոյուղաջրեր, սատկած կենդանիներ ու զգացել այն գարշահոտությունը, որով շնչում են մեր քաղաքացիները։ Մինչդեռ Բնապահպանության վարչությունից պաշտոնապես պատասխանում են, թե վիճակն իդեալական է։ 20 տարվա հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտի իմ փորձով՝ տեսածս բացարձակ աղետ է։ Եզրակացությունը մեկն է՝ պետությունում գործում է բացառապես «թիմային խաղի» սկզբունքը․ եթե թիմում ես, քեզ կարելի է անել ամեն ինչ, անգամ քանդել ու աղտոտել քաղաքը»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան