Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 40 րոպե առաջ - 10:50 15-10-2026

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. Ադրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։

Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։

Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում»։
--
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ռուսական կողմն արգելել է իր մուտքը երկիր։

Բադալյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, սակայն չեն պարզաբանել դրա պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Բադալյանի արգելքը կապված է նրա հակառուսական հայտարարությունների հետ։
-
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։

Հատուկենտ մարդիկ են ստորագրել, որոնք կունենան այդ հասանելիությունը։ Խմբակցությունից չմանրամասնեցին՝ ասելով, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով են նման որոշում կայացրել։ Սակայն, թերթի տեղեկություններով, այդ որոշման պատճառն այն է, որ թիմը չհայտնվի իշխանության թիրախում, եւ գործ չսարքեն որեւէ մեկի գլխին՝ պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար, ինչպես արեցին Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի դեպքում։
--

Ձեզ գուցե հետաքրքրի