Երևան +16°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 15:05 11-08-2022

Մինչ օրս միայն Ադրբեջանն է հայերի «սև ցուցակներ» կազմել․ պետք է պարզել, թե ով է խաղաղապահներին տվել ՀՀ քաղաքացիների ցուցակ, որոնց մուտքն արգելվում է Արցախ․ Լարիսա Ալավերդյան

Արդեն տևական ժամանակ է՝ պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ռուս խաղաղապահներն այս կամ այն լրագրողի կամ քաղաքական գործչի մուտքը Արցախ արգելել են։ Բանը հասել է նրան, որ որոշ քաղաքական գործիչներ արդեն մինչև Արցախ ուղևորվելը փորձում են պարզել, թե արդյոք իրենց անունը կա այդ, այսպես կոչված, «սև ցուցակում»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե եթե նման ցուցակ կա, ապա ով է կարող է այն կազմել, պատասխանեց, որ, անշուշտ, խաղաղապահները չունեն նման լիազորություն, դա իրենց նախաձեռնությամբ չի լինում․ «Ես կարծում եմ, որ այստեղ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետք է հարցեր ուղղել։ Այդ չարաբաստիկ, միջազգային պայմանագրի կարգավիճակ չունեցող նոյեմբերի 9–ի հայտարարությանը Հայաստանը կողմ է, նշանակում է՝ պետք է այդ բոլոր հարցերը Հայաստանի կառավարությանը ուղղել, ուրիշ որևէ աղբյուր մենք չունեք, օրինական աղբյուրը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է։ Իմ ենթադրությունն այն է, որ դա արվում է ՀՀ կառավարության իմացությամբ կամ առնվազն թողտվությամբ, ես չեմ կարող, լինելով ՀՀ քաղաքացի, դիմել այս հարցով, օրինակ, Ռուսաստանին կամ Ադրբեջանին։ Որևէ այլ դեմք չկա, ում կարելի է հարցեր ուղղել։ Ծիծաղելի է, երբ ասում են, որ խաղաղապահները թույլ չեն տալիս մուտքը․ որտեղի՞ց այդ մարդկանց մասին տվյալներ խաղաղապահներին»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում չկան լրագրողներ, ովքեր հետապնդվում են միջազգային մակարդակով, ինչպես նաև այն քաղաքական գործիչները, որոնց մուտքն արգելվել է, չեն հետապնդվում, օրինակ, Ռուսաստանի կողմից։ «Ռուսաստանի դիրքորոշումը ինձ համար ողջունելի չէ շատ հարցերով, առնվազն՝ նոյեմբերի 9–ի փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն քանի որ Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրավունք չուներ այդ փաստաթուղթը ստորագրել, քանի որ նա որևէ իրավասություն չուներ այդ տարածքների նկատմամբ, որ պատկանում էին Արցախի Հանրապետությանը, այս առումով ես ունեմ իմ քննադատությունը ՌԴ իշխանությունների նկատմամբ, սակայն այս դեպքում քննադատությունը կարող է վերաբերել ՀՀ կառավարությանը։ Ի՞նչ է նշանակում, եթե ՀՀ քաղաքացու կամ հայազգի մարդու իրավունքները ոտնահարվում են, ապա ՀՀ կառավարությունը պետք է ասելիք ունենա, այստեղ այլ պատասխանատուներ փնտրելու հարկ չկա»։

Նա ընդգծեց, որ, այսպես կոչված, «սև ցուցակ» կարող է կազմվել միայն դատական որոշումներից հետո, իսկ եթե նման որոշումներ լինեն, ապա այդ ցուցակում հայտնված մարդիկ էլ այդ մասին տեղյակ կլինեն։ «Այդ ամբողջը կամայականություն է, իր մեջ ներառում է բոլոր ամենակարևոր իրավունքների ոտնահարում՝ խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման իրավունք, տեղաշարժման իրավունք և այլն։ Այսինքն՝ այդ ցուցակը ամբողջությամբ անօրինական է, հակասում է բոլոր միջազգային օրենքներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի օրենքներին։ Մինչ օրս միայն Ադրբեջանն է իրեն թույլ տվել հայերի «սև ցուցակներ» կազմել։ Թերևս պետք է այդ ուղղությունն էլ ստուգվի, բայց այստեղ էլ հարկ է նշել, որ որևէ մի պետություն չի կարող միանձնյա ու միակողմանի, իրավունք չունի նման ցուցակ հանձնել խաղաղապահներին։ Եթե դա տեղի է ունեցել, ապա ո՞ւր է Հայաստանը»։

Հարցին, թե ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին, ով փորձում է մուտք գործել Արցախ, սակայն նրա մուտքը չի թույլատրում, նա պատասխանեց, որ նախ պետք է դիմի վարչական մարմիններին և հետագայում, դատական բոլոր ատյաններով անցնելով, հասնի Եվրոպական դատարան։ «Այդ իրավունքը չկա, խաղաղապահը չի կարող իր վրա նման գործառույթ վերցնել, նրանք բոլորին ցույց են տալիս այդ ցուցակը և ասում են՝ ձեր մուտքն արգելված է։ Հիմա պետք է պարզել այդ ցուցակի հեղինակին»։

Ձեզ գուցե հետաքրքրի