Ներքին 1 ամիս առաջ - 17:35 10-10-2026

2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակնի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանը մեկ ամսով կալանավորվել է։ Oragir.News-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացվել կաշառք տալու և ստանալու կասկածանքով սկսված ուսումնասիրությունների շրջանակում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ երկու տարի դպրոցի աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ պահանջելու մասին է։ Կաշառք տալու և ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը նախ ուսումնասիրություններ է սկսել, կազմված փաստաթղթերն էլ ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Նշենք, որ Լուսինե Մելիքյանը երկար տարիներ ղեկավարել է Բյուրակնի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ նույն հաստատությունում զբաղեցրել կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը։

Բյուրակնի դպրոցում, սակայն, խնդիրները միայն այս միջադեպով չեն սահմանափակվել։ Հաստատությունում երկար ժամանակ լարված մթնոլորտ է եղել։ Աշակերտների ծնողները բազմիցս դժգոհություններ ու բողոքներ են ներկայացրել՝ բարձրաձայնելով տնօրենի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին։ Լարված են եղել նաև տնօրենի և ուսուցիչների մի մասի միջև հարաբերությունները։

Ծնողների բողոքների թվում եղել են նաև երեխաներին առողջական խնդիրներ ունեցող ներկայացնելու և ներառական կրթության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ պնդումները։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ դպրոցում սովորող 74 աշակերտից 43-ը համարվել են ներառական կրթության կարիք ունեցող։

Բյուրակնի դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակով նախկինում հետաքրքրվել են նաև իրավապահները։ Շիրակի մարզի դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առնչությամբ։

Բյուրակնի դպրոցը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Տարիներ շարունակ ծնողների դժգոհությունների և դպրոցի ներսում լարվածության մասին ահազանգերից հետո այժմ քննության առարկա են դարձել նաև աշխատակիցներից գումար պահանջելու վերաբերյալ տեղեկությունները։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել

Ձեզ գուցե հետաքրքրի