ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը:
Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:
Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին:
Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն: