Ժամանակի ընթացքում փոխվում են սպառողների սովորությունները, հետաքրքրություններն ու թրենդները, և դրանց հետ միասին վերափոխվում է նաև առցանց առևտրի շուկան։ Ավելի ու ավելի շատ հայաստանյան ձեռնարկատերեր են զարգացնում իրենց ներկայությունը համացանցում, ընդլայնում տեսականին և կողմնորոշվում գնորդների փոփոխվող պահանջարկին համապատասխան։
Wildberries-ի 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալները ցույց են տալիս, թե որ ապրանքային կատեգորիաներն ու առանձին ապրանքատեսակներն են Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել առավել նկատելի աճ։ Այս ընթացքում հարթակում հայաստանյան վաճառողների թիվն աճել է 60%-ով, իսկ հայկական վաճառողների ապրանքների տեսականին ընդլայնվել է 28%-ով։
Ո՞ր կատեգորիաներն ու ապրանքներն են աճում ամենաարագը
Վաճառքների առավել նկատելի աճ գրանցվել է մի շարք կատեգորիաներում։ Աճի տեմպերով առաջատարն են դարձել սննդամթերքը․ կատեգորիայի ապրանքների վաճառքներն աճել են 286%-ով։ «Սպասք և պարագաներ» կատեգորիայում վաճառքներն աճել են 133%-ով, կենցաղային ապրանքներինը՝ 116%-ով, իսկ աքսեսուարներինը՝ 108%-ով։
Դրական դինամիկա են ցուցադրել նաև կենցաղային քիմիան (+79%), գեղեցկության ապրանքները (+43%), ավտոաքսեսուարներն ու լրացուցիչ սարքավորումները (+43%), էլեկտրոնիկայի աքսեսուարները (+31%) և խաղալիքները (+29%)։
Առանձին ապրանքատեսակների մակարդակում հատկապես նկատելի աճ է գրանցվել սպասք լվանալու միջոցների նկատմամբ։ Արագ աճող այլ ապրանքների թվում են մաքրման միջոցները, պայուսակները, լուծվող և հատիկավոր սուրճը, սպունգները, ավտոմեքենայի խնամքի միջոցները, քսուքներն ու բանալիների կախազարդերը։
Այսպիսով, նկատելի աճ արձանագրվում է ինչպես ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների, այնպես էլ տան, անձնական սպառման, ավտոմեքենաների և տեխնիկայի հետ կապված կատեգորիաներում։
Միևնույն ժամանակ, առանձին ապրանքատեսակների աճի բարձր տեմպերը կարող են պայմանավորված լինել վաճառքների համեմատաբար փոքր նախնական ծավալով։ Այդ պատճառով նոր ուղղություններ ընտրելիս վաճառողներին կարևոր է հաշվի առնել ոչ միայն տոկոսային աճը, այլև պահանջարկի փաստացի ծավալը, սեզոնայնությունն ու վաճառքների կայունությունը։
Wildberries-ի թիմի խորհուրդը
«Այսօր հայաստանյան ձեռնարկատերերի համար կարևոր է կողմնորոշվել ոչ միայն արդեն ձևավորված պահանջարկով, այլև դրա դինամիկայով։ Ես խորհուրդ կտայի պարբերաբար վերլուծել այն կատեգորիաները, որոնց նկատմամբ գնորդների հետաքրքրությունն աճում է, նոր ապրանքատեսակները փոքր խմբաքանակներով փորձարկել և վաճառքների փաստացի արդյունքների հիման վրա աստիճանաբար ընդլայնել տեսականին։
Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել սեզոնայնությունը, գնային սեգմենտը և հարթակում ապրանքի ներկայացման որակը։ Այս մոտեցումն օգնում է ձևավորել տեսականի՝ հաշվի առնելով իրական պահանջարկը, և ավելի արդյունավետ գտնել հետագա զարգացման ուղղությունները», նշում է Wildberries-ի՝ Հայաստանում վաճառքի բաժնի ղեկավար Մարտա Մոսիյանը։
Վաճառողների թվի աճն ու տեսականու ընդլայնումը վկայում են այն մասին, որ առցանց առևտուրը շարունակում է զարգանալ որպես վաճառքի ալիք հայկական բիզնեսի համար։ Ձեռնարկատերերի համար սա հնարավորություն է տալիս փորձարկել ապրանքային նոր ուղղություններ, վերլուծել գնորդների պահանջարկը և աստիճանաբար մասշտաբավորել հաջողված ապրանքատեսակների վաճառքները։