Ամուսնական դավաճանության պատճառները․ սեքսոպաթոլոգի խորհուրդները․ մաս 1
copy image url

Ամուսնական դավաճանության պատճառները․ սեքսոպաթոլոգի խորհուրդները․ մաս 1

Ավելին 1 տարի առաջ - 22:30 02-07-2023
Տղամարդիկ հաճախ են արտամուսնական կապեր ունենում։ Սակայն դավաճանության հիմքում երբեմն շատ ավելի լուրջ դրդապատճառներ կան, քան պարզապես սեռական ցանկությունը բավարարելը։

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ շատ տղամարդկանցից կարելի է լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։ Այս տեսակետը առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։
Ամուսնական դավաճանության պատճառը հիմնականում սա է՝ երբ սպասելիքները չեն արդարանում: Ամուսնական դավաճանության կարևորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ՝ նույնիսկ բարենպաստ պայմաններն են:

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց իհարկե առկա են աններդաշնակության խնդիրներ, և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին:

Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե, անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը կնոջ վարքագիծն է, որը շատ է նախատում, պահանջում ավելի շատ, քան կարող է տալ ամուսինը, գուցե կինը կոնֆլիկտային անձնավորություն է, կամ շատ կաշկանդված է անկողնում և չի սիրում սեքսուալ էքսպերեմենտներ կամ էլ անառողջ խանդի տեսարաններից զուգընկերոջ կյանքը նմանվել է դժողքի:
Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել կենսաբանական սկզբունքը, օրինակ՝ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, թեև այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել թե՛ հասարակությունը, թե՛ կրոնը:

Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացողությունները, որոնք չեն ստանում իրենց կնոջից:

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խորը և արմատական քայլերի և հիմնականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկերոջ:

Տղամարդկանց զգալի մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում կարծում են, որ իրենց ամուսնական կյանքը արդեն կրում է ձևական բնույթ:

Եթե համակարգենք տղամարդկանց և կանանց դավաճանությունների հոգեբանական և սեռական հիմնական պատճառները, կունենանք հետևյալ տարբերակները.

-Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են:
-Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ բավարարվածությունը իրենց ամուսնության մեջ:
-Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում՝ ինքնահաստատվելու նպատակով:
-Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:
-Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:
-Կայացած տղամարդկանց մի զանգված իր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը, որովհետև դա ընկերական շրջապատում գլուխ գովելու և ինքնահաստատվելու գործոն է:
-Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն՝ երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:
- «Դավաճանության մարզիկներ», որոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններով, տարեթվերով և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է, և ոչ թե սեռական հարաբերությունը:
-Կան մարդիկ, որոնք յուրովի սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:
-Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն՝ իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց դա համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:
-Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների, դրանով լրացնում են չհաջողված սերը և ուշադրությունը, որից նրանք զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնողի, և՛ սեքսուալ զուգընկերոջ:
-Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:
-Լինում են դեպքեր, երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ կարծում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հաճույք է:

Շարունակելի․․․

Ձեզ գուցե հետաքրքրի