Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի են ունեցել տեխնիկական բազմակողմ խորհրդակցություններ՝ Եվրահանձնաժողովի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է բրյուսելյան Rapporteur պորտալը։
Պորտալը հանդիպման մանրամասներ չի ներկայացնում՝ նշելով միայն, որ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը։
ՆԱՏՕ-ում նաև արտահերթ նիստ է անցկացվել՝ Ուկրաինա–ՆԱՏՕ խորհրդի դեսպանների մակարդակով։
Իր հերթին՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուստեմ Ումերովը X-ի իր էջում կրկնել է Կիևի դիրքորոշումը, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն «իրապես գործող համակարգ, այլ ոչ թե պարզապես քաղաքական հայտարարություն»։
Այս հանդիպումը Բրյուսելում խորհրդակցությունների երկրորդ փուլն էր։ Առաջինն անցկացվել էր նոյեմբերի 4-ին՝ Եվրահանձնաժողովում, և նվիրված էր Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։
Առաջին հանդիպմանը, որը գործնական արդյունքներ չէր տվել, մասնակցել էին նաև Համաշխարհային բանկի և ամերիկյան BlackRock ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները։