Ներքին Միտք 1 ամիս առաջ - 13:30 19-09-2026

Վեհափառի դեմ գործը կարճելը խաղաղության բանալի կդառնա

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Կաթողիկոսին գահընկեց անելու պայքարը փակուղում է։ Նիկոլ Փաշինյանի հռչակած նպատակը ոչ մի քայլ առաջ չի գնում։ Խորհրդարանական ընդդիմությունն ու հավատացյալ ժողովրդի մի մասը Վեհափառի կողմից են։ Վեհարանն ազատելու ձախողված փորձից հետո նոր գրոհ չեն կազմակերպում։ Այդ մասին ակնարկ էլ չկա։

Նույն փակուղային իրավիճակն է դատարանում։ Մի քանի դատավորներ արդեն ինքնաբացարկ են ներկայացրել։ Տպավորություն է, որ ոչ ոք չի ուզում դատել Վեհափառին։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 18-ին վերսկսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների դատավարությունը։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները նիստին չեն մասնակցում, միայն նրանց փաստաբաններն են ներկա։

Վեհափառի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումն ու գործը կարճել։

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս փակուղին։

ՔՊ-ի մարտավարությունը արդյունք չի տալիս։ Նրանք հույս ունեին, թե Գարեգին Բ-ի նյարդերը երկար չեն դիմանա, տեղի կտան։ Այսինքն՝ ամբողջ դրույքը նրա նյարդերի քայքայման վրա էր։ ՔՊ-ականները կարծում էին, թե եթե շաբաթը մեկ անգամ Գարեգին Բ-ին ասեն Կտրիճ Ներսիսյան, հիշեցնեն նրա դստեր մասին, ապա նրա համբերությունը մի օր կհատի, ու նա հրաժարական կտա, կլքի վեհարանը։ Եվ Նիկոլ Փաշինյանը կկարողանա իր սրտի հոգևորականին կարգել կաթողիկոս կամ իրեն հռչակել եկեղեցու գլուխ։

Սակայն ակնհայտ է, որ Գարեգին Բ-ն ամուր նյարդեր ունի և հանգստի կոչվելու մտադրություն չունի։ Հետևապես՝ ՔՊ-ն կա՛մ պետք է հրաժարվի իր նպատակից և հաշտվի Վեհափառի հետ, կա՛մ փոխի մարտավարությունը և անցնի արմատական քայլերի։

Արմատական քայլերի գնալն ավելի կսրի ներքին լարվածությունը, կգցի Փաշինյանի վարկանիշը։ Վեհափառի պաշտպանության շուրջ ավելի լայն հանրային համախմբում կարող է ձևավորվել և լեգիտիմության խնդիր առաջացնել։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն կգնա հաշտվելու ճանապարհով։ Այս հարցում անհրաժեշտ կլինեն հեղինակավոր միջնորդներ։ Հանրության ներսում այդպիսի միջնորդներ գտնելը դժվար է լինելու։ Բայց ցանկության պարագայում կարելի է արտաքին միջնորդությամբ հաղթահարել այս փակուղին։

Այս տեսանկյունից ամենաճիշտ ճանապարհն առաջարկել են փաստաբանները։ Վեհափառի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը կարճելն առաջին քայլը կարող է լինել հաշտության ճանապարհին։

Այսպիսով՝ աշխարհիկ իշխանությունը կարող է ակնարկել, որ պատրաստ է դադարեցնել եկեղեցու դեմ արշավը։ Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունում կհաստատվի զինադադար, որից հետո կսկսվեն ներքին խաղաղություն հաստատելու բանակցությունները։ Եթե կողմերը կառուցողական մոտեցում կիրառեն, ապա կարելի է գտնել ներքին խաղաղության բանալին։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կարող է ներողություն խնդրել ժողովրդից եկեղեցու դեմ արշավ սկսելու, Վեհափառի հասցեին վիրավորական բաներ ասելու, նրան գահընկեց անելու մտադրության, վեհարանը գրոհելու համար։ Իսկ Վեհափառն էլ կարող է դրանից հետո հանգստի գնալ, պայմանով, որ կաթողիկոս է ընտրվելու իր առաջարկած թեկնածուն։

Կարճ ասած՝ կանխատեսելի է, որ Գարեգին Բ-ի գործը կկարճվի առաջիկայում։ Դա ոչ միայն իրավական տեսանկյունից է ճիշտ, այլև ճանապարհ կբացի ներքին խաղաղության հաստատման համար։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել