Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 13:19 06-09-2026

Ջազից մինչև փոփ, սեփական բենդ ու սեփական մոտեցում․ գյումրեցի ռեժիսորի երաժշտական ճանապարհը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

The Beatles-ի Let It Be-ի առաջին հնչյուններն են։ Սենյակում երաժշտությունն արդեն իր տեղում է՝ մեկը կիթառն է ձեռքում, մյուսը՝ հարվածային գործիքի հետևում։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր դերը, բայց վերջնական արդյունքը մեկ ընդհանուր հնչողությունն է։

Սա «Չամիչով բուլկի» բենդի հերթական փորձն է։ Գյումրիում ստեղծված այս բենդի երաժշտական ցանկում ջազն է, փոփը, էթնոն, բայց ամենակարևորը՝ սեփական մոտեցումը։

Նրանք պարզապես հայտնի երգեր չեն նվագում․ փորձում են դրանք ներկայացնել իրենց զգացողությամբ, իրենց ձեռագրով։ Բենդի հիմնադիրն ու այդ երաժշտական միջավայրի ստեղծողը գյումրեցի ռեժիսոր Ժիրայր Մարտիրոսյանն է։

Թեև մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժշտությունը նրա կյանք մտել է ինքնուրույն՝ առանց երաժշտական կրթության դասական ճանապարհի։ Սովորել է ինքնուրույն, փորձել, սխալվել, կրկին փորձել ու ժամանակի ընթացքում հասել նրան, որ այսօր արդեն ինքն է սովորեցնում ուրիշներին։

Ժիրայրի երաժշտական ճանապարհի կարևոր շրջադարձերից մեկը 2015 թվականն էր, երբ ծանոթացավ «Բամբիր» ռոք խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանի՝ Ջագի հետ։ Այդ հանդիպումից հետո որոշումը երկար սպասել չտվեց՝ երաժշտությունը պետք է դառնար ոչ միայն իր զբաղմունքը, այլև կրթական ու ստեղծագործական աշխատանքի մի մասը։

Գյումրիում նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Rock School-ը, որտեղ երաժշտությամբ հետաքրքրվող պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ստացան սովորելու և փորձարկելու իրենց ուժերը։

Հետո ստեղծվեց նաև My Lead Time երաժշտական կրթական հարթակը։ Այստեղ արդեն երաժշտություն սովորելը միայն գործիք ճիշտ նվագելու մասին չէ։ Կիթառ, հարվածային գործիքներ, ջազ, փոփ ու այլ ուղղություններ՝ նպատակով ձևավորել ոչ միայն կատարող, այլև երաժշտական ճաշակ ունեցող երիտասարդ։ Իսկ այսօր Ժիրայրն արդեն իր ստեղծած բենդի հետ է։

«Չամիչով բուլկին» նրա հերթական երաժշտական փորձությունը չէ միայն։ Այն մի միջավայր է, որտեղ ռեժիսորի տեսանկյունն ու երաժշտի զգացողությունը հանդիպում են նույն բեմում։

Oragir.News-ի հետ զրույցում Ժիրայր Մարտիրոսյանը պատմել է իր անցած ճանապարհի մասին։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան