copy image url
Ներքին Մշակույթ 5 ամիս առաջ - 09:35 29-11-2023

Եկել է տարիք, որ մտածել եմ՝ պիտի բեմադրեմ. երիտասարդ ռեժիսորի նոր բեմադրությունը

«Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհետանում, այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի ու սպիտակեղենի մեջ, այն համբերատար սպասում է ննջարաններում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում ու գզրոցներում, և գուցե գա մի օր, որ մարդկանց դժբախտության ու դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում»։

Նոյեմբերի 27-ին Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջում տեղի ունեցավ «Խրախճանք» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ա․Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» («Մոցարտ Սալիերի», «Ժլատ ասպետը», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի ժամանակ») պիեսի և Ա․Կամյուի «Ժանտախտ» վեպի։ Ներկայացման բեմադրությունը երիտասարդ ռեժիսոր Գևորգ Մարգարյանինն է, ում հետ Oragir.News-ը զրուցել է աշխատաքային ընթացքի, Պուշկինին այլ կերպ մատուցելուց առաջացած մարտահրավերների, քոլեջում դասավանդելու, մինչ այս ունեցած բեմադրությունների ու դրանց արդյունքում տարբեր թատրոններ ընդունվելու և առաջիկայում սպասվող նախագծերի մասին։



- Գևորգ, շատերը Ձեզ ճանաչում են հեռուստատեսային տարբեր նախագծերից՝ որպես դերասանի։ Այս դեպքում ռեժիսորի աթոռին եք հայտնվել։ Կպատմե՞ք՝ ինչու որոշեցիք հանդես գալ այս բեմադրությամբ։ Ինչո՞վ էր պայմանավորված պիեսի ու դերասանական կազմի ընտրությունը։

- 2021 թվականին, երբ քովիդն ու պատերազմը, որոնց ազդեցությամբ էլ կառուցված էր բեմադրությունը, նոր էին ավարտվել, ստուդիայում բեմադրեցի Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» գործը, ինչպես գրված է։ Շատ ասելիք ունեի մարդկանց․ քաղաքում ժանտախտ է, ու մարդիկ հրավառություններ են անում, իսկ դրան զուգահեռ գերեզմանոցը ձայներ է հանում ։ Ներկայացումը տևում էր 10 րոպե, աստիճանների վրա էր, այդ իսկ պատճառով էլ սահմանափակ տեղեր կային, և ներկայացումը դիտեց ընդամենը 15 հոգի։ Ներկայացման մեսիջը իմ մեջ չավարտվեց։ Ես դեռ ասելիք ունեի։ Այդ ներկայացումից երկու տարի անց ամռանը ավարտեցի քոլեջը։ Ի դեպ, ես առաջին մասնագիտությամբ հենց թատրոնի ռեժիսոր եմ, հետո նոր՝ դերասան։ Քոլեջից առաջարկ ստացա՝ դասախոսելու այնտեղ։ Հիմա ես տարիքով ամենափոքր դասախոսն եմ մեր քոլեջում։ Դասավանդում եմ «Դրամատուրգիա» և «Զանգվածային ռեժիսուրա» առարկաները «Ռեժիսուրա» բաժնի ուսանողներին։ Հենց այդ ժամանակ էլ տնօրեն Պարույր Սանթրոսյանը առաջարկեց, որ նաև բեմադրություն անեմ ուսանողների հետ։ Ու առաջին ներկայացումը, որ եկավ մտքիս, «Խրախճանք»-ն էր, որտեղ իմ ասելիքը կիսատ էր մնացել։ Ներկայացումը շատ երիտասարդական է, ժամանակակից մոտիվներով է․ երիտասարդների մասին է, որոնք շեղվել են ճիշտ ուղուց, իսկ ես փորձում եմ մի փոքր դեպի ճիշտ ուղին տանել նրանց։ Ոչինչ չեմ քարոզում ներկայացմամբ, այսինքն՝ չեմ ասում՝ սա լավ է, սա վատ է, զուտ տարբերակներ եմ ցույց տալիս․ մարդիկ, ովքեր դուրս են գալիս այդ ամեն ինչից, և մարդիկ, որ մնում են այդ ճահճում։ Միգուցե ավելի տարիքով մարդիկ չհավանեն, որովհետև մարդիկ Պուշկինին սիրում են տեսնել հենց իր ոճով, իսկ ես փորձել եմ ամեն ինչ քանդել ու Պուշկինի բոլոր ձևերը փոխել։ Իհարկե, գրական լեզուն պահպանել ենք, բայց այլ իրավիճակում ու այլ մթնոլորտում այդ տեքստերն ասում են այլ կերպարներ։ Ես արդեն 4-րդ ներկայացումն է՝ ոչինչ չեմ քարոզում։



Հանդիսատեսը նայում է, գտնում է իրեն կամ չի գտնում, դուրս կգա այդտեղից կամ չի գա՝ իրենց եմ թողնում։

Ներկայացման մեջ 6 դերասան է մասնակցում՝ 4-ը քոլեջից, 2-ը՝ ոչ․ 2-ն էլ ստուդիայի դերասաններն են, որոնք արդեն 2-րդ անգամ են ինձ մոտ խաղում․ իմ նախկին ներկայացման մեջ էլ են խաղացել։ Իսկ 4-ը քոլեջից են, ու ես ուզում էի՝ նորություն լիներ ամեն ձևով։ Քանի որ քոլեջում մոտ չեն իրար, թեպետ լինում են դասաժամեր, որ միասին են, կամ միջանցքներում իրար տեսնում են, կոմֆորտ է իրենց, ուզում էի դրսից մարդ բերել, որ առաջին անգամ իրենք անծանոթ մարդկանց հետ խաղան, որովհետև քոլեջն ավարտելիս՝ ճիշտ է, պրակտիկա ունենք, բայց առաջին բանը, որին բախվում ենք թատրոնում աշխատելիս, անծանոթ մարդկանց հետ խաղալն է։ Վստահաբար կարող եմ ասել՝ չենք ձախողել, այդ փուլն էլ հետաքրքիր ենք անցել։

Մեր քոլեջը հիմնադրումից ի վեր՝ երբեք չի ունեցել կամերային ներկայացում․ սա առաջինն էր։ Դերասանները շատ մեծ դժվարություն ունեին խաղալու հանդիսատեսին մոտ․ տեսարան կա, որ մտնում են հանդիսատեսի մեջ։ Պրեմիերայից հետո դերասաններն ասում են ՝ սրտներս փախչում էր, անկանոն հարվածում էր, որովհետև մարդիկ կարծես չափից ավելի մեծ էին թվում։ Հանդիսատեսն էլ էր ասում, որ սարսափելի էր․ կարծես էկրանից դուրս գային դերասաններն ու մտնեին իրենց մեջ։



Ամեն ինչ արված է մինիմալիստական ոճով․ հագուստ է, քառակուսի հարմարանք, որի վրա նստում են և սեղան, որի վրա դատարկ շշեր են։ Հատուկ ռեկվիզիտներ, բեմանկարչություն չկա։ Ունենք գույներ, պատկերներ։ Դերասանը պատմում է իր կերպարի մասին, հետո խաղում է կերպարը, հանդիսատեսը պիտի լինի ռեժիսոր։ Այսինքն՝ հանդիսատեսը մեզ հետ հավասար ստեղծագործում է։ Իրենք դատարկ շիշն են խմում, ամեն հանդիսատես տեսնում է իր ուզած հյութը կամ խմիչքը, իրենք օդում ցույց են տալիս առնետին, ամեն հանդիսատես իր ուզած առնետն է տեսնում։ Ես հանդիսատեսին չեմ գցում իմ քառակուսների մեջ։ Ամենքն իր ուզած ներկայացումն է տեսնում, իր պատկերացումներով և իր աշխարհով է ինձ հետ կիսվում, ու շատ հետաքրքիր են նաև իրենց պատկերացումները։

Ոճը կոչել եմ աբսուրդ ռեալիզմ, քանի որ Կամյուի «Ժանտախտը» վեպը աբսուրդ էր, ու ներկայացումը կոչել էի աբսուրդ, քանի որ աբսուրդ իրավիճակներ էին։ Բայց հետո հասկացա, որ այդ աբսուրդը մեր օրերում դարձել է շատ ռեալ․ մենք հենց այդպես ենք ապրում։
Դրա համար էլ աբսուրդ ռեալիզմ։

Ընտրված երաժշտությունները և՛ դասական են, և՛ ժամանակակից, քանի որ ամեն ինչ կատարվում է ժամանակակից խրախճանքի ժամանակ։ Ներկայացումը տևում է 1 ժամ։ Բեմադրել ենք ընդամենը 2 ամսում։ Այս ոճով ու ձևաչափով քոլեջում առաջին ներկայացումն է, երբ չկան մասսայական դերասաններ․ բոլոր դերասանները առաջին պլան են։

Ունենք 6 կերպար, 6 պատմություն ու 6-ն էլ ինչ-որ կարևոր բան են իրենցից ներկայացնում։ Ինձ համար նաև շատ կարևոր է, որ թատրոնից ոչինչ չհասկացող մարդը ամեն ինչ հասկանա․ ես մասնագետի համար չեմ բեմադրում։ Տարբեր մարդիկ դուրս եկան, կարծիքներ ասացին, ու ինքս հասկացա, որ ներկայացման գոնե առաջին շերտը հասել է հանդիսատեսին, որոշ մարդկանց ներքին գծեր 2-րդ շերտ է նաև հասել։ Այն խրախճանքը, որի մեջ ես իրենց գցել եմ, իրենք զգացել են։

- Որքանո՞վ է Ձեզ համար՝ որպես երիտասարդ ռեժիսորի մարտահրավեր Պուշկինին նման ձևով ներկայացնելը։

- Մարտահրավեր չեմ ասի, որովհետև բնականաբար շատ վիճելի է Պուշկինին ներկայացնել այդպիսին, բայց քանի որ դա ուսանողական ներկայացում է, այդտեղ ամեն ինչ կարելի է անել, որովհետև ես էլ, դերասաններն էլ ուսանողներ ենք, ու սա մեզ բացահայտել փորձելու ժամանակն է՝ մեզ գտնելու, լավը վատից այսպես տարբերելու։ Ինձ համար առաջնային սկզբունք էր Պուշկինի թագավորական լեզուն չփոխել, չսարքել կենցաղային։ Երբ մենք խաղում էինք, ես մտածում էի՝ դժվար կլինի հանդիսատեսի համար այդ գրական թարգմանությունը լսելը, բայց, փաստորեն, ոչ ոք չդժգոհեց, այսինքն՝ շատ հանգիստ այդ տեքստը ականջին էր նստում։ Մյուս կողմից՝ մարդիկ, երևի, ուզում էին այլ բան տեսել, այնինչ տեսնում են այլ բան․ դա էլ իմ ռեժիսորական աշխարհն է, որ կհավանե՞ն, թե՞ չէ, չեմ կարող ինչ-որ բան անել։ Պրեմիերայից առաջ ես պատրաստ էի նաև, որ ներկա գտնվող թատերագետից քննադատություն էի լսելու՝ Պուշկինին նման ձևով ներկայացնելու համար, բայց հավես է։ Իմ մասնագիտական կարիերայում առաջին անգամն է նման դեպք, ու հավես կլիներ նաև վատ բաներ լսելը։

Քոլեջում բեմադրելը շատ կարևոր էր, քանի որ երիտասարդների մասին է, իսկ քոլեջում շատ են այդ երիտասարդները։ Դա հենց այն թիրախային կետն է, որտեղ կարող էինք ինչ-որ ուղղորդումներ անել։ Քանի որ քոլեջում է, այլ ոչ թե պետական թատրոնում, կարող եմ ուզածիս չափ ընկնել ծովի մեջ ու լողալ, անել այն, ինչ երբեք չեմ փորձել ինձնից դուրս։ Միգուցե ստացվի կամ ձախողեմ, բայց փորձեմ, որովհետև այստեղ ուսանողական թատրոն է, որտեղ ինչ ուզենք, կարող ենք փորձել ու նաև տեսնենք, թե հանդիսատեսը ինչ արձագանք կտա դրան։
Որոշեցի, որ Պուշկինի բոլոր 4 ողբերգություները պիտի միացնեմ իրար․ իհարկե, «կարմիր գիծը» «Խրախճանք ժանտախտի ժամանակ»-ն է, բայց կերպարները տարբեր ողբերգություններից են իրենց պատմություններով՝ ժամանակակից մոտիվներով ու տարիքը փոքրացրած․ այն տարիքի, որքան դերասաններն են, որպեսզի ամեն ինչ բնական լինի։ Ընտրեցի նաև Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպը, որն ավելի ծանր հիմք էր տալիս ներկայացմանը։ Այստեղից մոնոլոգներ, դիալոգներ եմ ստեղծել, պիեսավորումը եղել է իմը։ Մենք անընդհատ ժանտախտի պատմություններ ենք լսում․ թե «սովորականից ավելի տգեղ քաղաքում» ինչպես է զարգանում ժանտախտը, ինչպես է առնետներից սկսում տարածվել քաղաքում, ինչպես՝ քովիդը՝ չղջիկից, ու ինչ մեծ ծավալների է հասնում։

- Քանի որ քոլեջի ուսանողների և Ձեր տարիքային տարբերությունը մեջ չէ, արդյո՞ք կարողանում եք իրենց հետ լինել ինչպես դասախոսը։ Ստացվո՞ւմ է։

- Այդ դերում լինելու մասով ընդհանրապես չեմ մտածել, որովհետև սա իմ 4-րդ ներկայացումն է։
Այս ընթացքում միշտ փորձել եմ աշխատել և՛ տարիքով փոքրերի, և՛ ավելի մեծերի հետ․ ամենափոքրը 13 տարեկան էր, ամենամեծը՝ Միշան, 24 տարեկան։ Նրանց մեջտեղում էլ արդեն իմ տարեկիցներն են, բայց երբեք նման խնդրի առաջ չենք կանգնել։ Ես հիմա դասավանդում եմ քոլեջում և ստուդիայում։ Ստուդիայի աշակերտներս 5-ից մինչև 20 տարեկան են, քոլեջում՝ 17-21։ Ես միշտ սովոր եմ իմ էներգետիկան կառավարել, շփվել ընկերական մթնոլորտում, դասախոս չեմ խաղում։ Մենք ընկերական դասեր ենք անում, ու բեմադրությունների մեջ ամեն ինչ ստեղծվում է արագ ու տեղում, որովհետև լավ շփման արդյունքում է, որ կարող է ներկայացում ծնվել։

- Որքանո՞վ են Ձեր բեմադրությունները տվյալ ժամանակի իրադարձությունների ոգեշնչման հետևանք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին բեմադրությունը ունեցել եք 2020 թվականին։

- Կստեմ, եթե ասեմ, որ բոլորը դրանից են դրդվել, որովհետև ուղղակի կապված են տարիքի հետ։ Եկել է տարիք, որ մտածել եմ՝ պիտի բեմադրեմ։
Առաջին ներկայացումս «Ծիծաղելի մարդու երազ»-ն է․ մոնոներկայացում էր, որտեղ ես էի խաղում, 2020 թվականին էր։ Այն ինքնաճանաչման մասին է։ Կարծում եմ ՝ 16 տարեկանում նորմալ է մտածել դա բեմադրել։

Երկրորդը, որ մեր էպոսի՝ «Սասնա Ծռեր»-ի մոտիվներով է, մի նպատակ ուներ՝ էպոսով ցույց տալու մեր տեսակները ու ցույց տալու, որ նույնիսկ դավաճանելու դեպքում էլ մենք ենք՝ հայերս՝ հայի դավաճանը, հայի հաղթանակը, հայի պայքարը։ Ցույց տանք՝ ինչպես ենք հաղթել գոնե 1 անգամ ու ցույց տանք՝ ինչպես ենք նորից պարտվել․ մարդկանց մեջ հայրենասիրությունը ուղղակի պակասել էր 2021 թվականին։ Այստեղ ինձ Նարինե Գրիգորյանը տեսավ, ու ընդունվեցի Համազգային թատրոն։ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ ասաց, որ ներկայացման մեջ մեր երգելու ու խաղալու ընթացքում հասկացավ, որ Աստված գոյություն ունի․ «Կա , հենց հիմա այստեղ է»։ Արմեն Սանթրոսյանը տեսավ ու ասաց, որ վերջին 40 տարում ոչ մի պետական թատրոնում ու քոլեջում նման ներկայացում չէր տեսել։



Երրորդը, որի պրեմիերան մայիսին էր, «Մարսյան քրոնիկոն» վեպն էր, որ արտագաղթի մասին էր․ շատ էի այդ ժամանակ լսում, որ տանեցիները ուզում են գնալ ԱՄՆ, դրանից հետո՝ Ուկրաինա։ Հետո՝ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, հետո՝ լարվածություն եղավ եվրոպական քաղաքների մեջ և այլն։ Վերջում ասացին, որ այստեղ էլ է պատերազմ, ու ես մի պահ մտածեցի, որ բոլոր տեղերում պատերազմ է։ Ամեն տեղում ինչ-որ վտանգ կա։ Խոսում են ատոմային պատերազմի, պայթելու մասին․ մտածեցի՝ ուր պետք է փախչել, ու այդ գիրքը ձեռքիս տակ ընկավ, որ էլի նույն իրավիճակի մասին է, որ մարդիկ սպասում են համաշխարհային մեծ պատերազմի, ու բոլորով տեղափոխվում են Մարս մոլորակ՝ ապրելու, ու ցույց էի տալիս ՝ ինչ կլինի մեզ հետ, որ այդքան էլ հրաշալի չէ կյանքը Մարս մոլորակի վրա․ պետք է ամեն մարդ մնա իր երկրում ու կատարի իր գործը, որով էլ ամեն ինչ կհաղթահարի։ Այս ներկայացման արդյունքում էլ Գոռ Մարգարյանը ինձ ընդունեց Աշտարակի դրամատիկական թատրոն։



Վերջինի դեպքում՝ սկսել ենք վերջին դեպքերից առաջ, պարզապես դրանց ազդեցության ֆոնի տակ ավելի ցայտուն դարձավ ներկայացումը, բայց քանի որ թատրոնը խոսում է ժամանակի խնդիրների մասին, ուզած թե չուզած դրանք երևում են։ Չեմ ասի, որ գալու եք ու նայեք Հայաստանի, հայկական պատերազմի ու Արցախի մասին։ Մենք խոսում ենք ամերիկյան քաղաքի մասին, ինչ-որ եվրոպական կամ ռուսական քաղաքների, ուրիշ մարդկանց, ուրիշ անուններով այլ պատմության մասին, որոնց հիմքում ընկած է մեր ճակատագիրը։

- Նախորդ հարցի պատասխաններից կարծես պարզ է դառնում, որ յուրաքանչյուր բեմադրություն կոնկրետ նշանակետ է ունեցել։ Իրականո՞ւմ այդպես է։

- Մի անգամ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին հարցրի՝ ինչու թատրոնում չկան երեխա դերասաններ։ Օրինակ՝ Դուք եք խաղում տղա երեխայի կերպար։ Ասաց՝ փոքրերի հետ աշխատանքը դժվար է, որովհետև հիմնականում կերպարները շատ խորն են լինում։ Ու ես մտածում էի, որ ես պետք է անպայման խաղամ թատրոնում։ Մտածեցինք, որ տարբերակ է պետք մեր մասին իրենց պատմելու, դրա համար էլ ներկայացման հրավիրեցինք իրենց, որից հետո ես ընդունվեցի Համազգային թատրոն ու սկսեցի խաղալ Նարինե Գրիգորյանի բեմադրած «Խատւտիկի գինի» ներկայացման մեջ։ Արդյունքում ստացվեց այն, որ երեխաները խաղացին թատրոնում։

- Ի՞նչ նոր աշխատանք սպասել մոտ ապագայում։

- Այս տարի, կարծում եմ, էլ ոչինչ։ Բայց մյուս տարի ունեմ մտածած բաներ, որոնց մասին նախընտրում եմ հիմա չխոսել․ կարող է չլինեն, չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ առաջիկայում նախատեսում եմ 2 հոգանոց ներկայացում, որ նախատեսված է տարիքով ավելի մեծ հանդիսատեսի համար։ Գրականության անունը չեմ նշի, բայց լինելու է դերասաններով և մեծ զանգվածային տիկնիկային էլեմենտներով ներկայացում՝ էլի կամերային ֆորմատով։

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները