Ներքին 57 րոպե առաջ - 13:09 21-08-2026

Թող Աստված զորացնի Ձերդ Սրբությանը՝ պահպանելու Եկեղեցու միասնությունը. «Իզմիրլյան» ԲԿ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորել է Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձը․

ՎԵՀԱՓԱ՛Ռ ՏԵՐ,

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից որդիական սիրով և խորին ակնածանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, հոգևոր անսպառ զորություն և երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն։

Մեզ համար մեծ պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը և ականատեսը անցնող տարիների Ձեր նվիրական ծառայությանը՝ ի նպաստ Սուրբ Եկեղեցու, Հայրենիքի և հայ ժողովրդի։

Այսօր, երբ Եկեղեցին և Դուք կանգնած եք տարբեր փորձությունների ու ճնշումների առջև, առավել ենք արժևորում Ձեր հավատը, համբերությունը և անսասան հովվապետական դիրքորոշումը։

Թող այս դժվարին ժամանակները դառնան համախմբման և միասնության առիթ մեր ժողովրդի համար։ Թող Աստված զորացնի Ձերդ Սրբությանը՝ պահպանելու Եկեղեցու միասնությունը, ամրապնդելու հավատը և շարունակելու Ձեր վեհ առաքելությունը՝ հանուն ժողովրդի հոգևոր ու ազգային բարօրության։

Մեր աղոթքն է, որ Ձերդ Սրբության հովվապետության տարիները շարունակվեն խաղաղության, սիրո և համերաշխության հաղթանակով, և Ձեր առաջնորդությամբ մեր ժողովուրդը կարողանա հաղթահարել ներկա փորձությունները՝ առավել ամուր կառչած մնալով իր հավատքին, ազգային արժեքներին և իր Սուրբ Եկեղեցուն։
Որդիական խոնարհութեամբ՝

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։