Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:30 06-08-2026

Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Վտանգավոր բան է տեղի ունեցել օգոստոսի 4-ին. ԱԺ նախագահն անջատել է պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը՝ թույլ չտալով, որ նա մտածի և ուղղի իր հարցը։ Սա, ըստ էության, հակաժողովրդավարական է։

Հակաժողովրդավարական երկրներում, օրինակ՝ ՌԴ-ում, Չինաստանում, խոսքի ազատություն չկա, մարդիկ հալածվում են կարծիք հայտնելու համար։ Իշխանությունները վախենում են ժողովրդից, հատկապես՝ մտածող մարդկանցից, որոնք ուրույն կարծիք ունեն գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ։

1915-ին երիտթուրքերը վախենում էին հայ մտավորականներից։ Մոտ 200 մտավորական է սպանվել ապրիլի 24-ին։ Խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1937-ին, զավթիչների ատելության թիրախում դարձյալ մտավորականներն էին։ Չարենցին, Բակունցին, հարյուրավոր մտավորականների սպանել են, վախենում էին նրանց խոսքից, մտքի ուժից։

Ինչո՞ւ է ԱԺ նախագահը վախենում պատգամավոր Էդգար Ղազարյանի լռությունից։ Այդ ի՞նչ վտանգավոր բան է տեսնում նրա լռության մեջ։

Սա հիշեցնում է հին, սովետական, այլախոհական մի անեկդոտ, որը կներկայացնեմ ստորև։

Սովետական միլիցիոները բաժին է բերում մի քաղաքացու և զեկուցում, որ նա շենքերի պատերին դատարկ թերթիկներ է փակցնում և բաժանում անցորդներին։

- Դե՞մ եք Սովետին,- հարցնում է քննիչը։
- Այո,- պատասխանում է քաղաքացին։
- Ձեր գործում նշված է, որ հակասովետական թռուցիկներ տարածելու գործով դատվածություն ունեք, ճի՞շտ է։
- Այո։
- Հիմա՞ էլ եք հակասովետական։
- Այո։
- Այսօրվա թռուցիկներդ էլ ե՞ն հակասովետական։
- Այո։
- Իսկ ինչո՞ւ են դրանք դատարկ, մաքուր, ինչո՞ւ անցած անգամ թռուցիկների վրա հակասովետական բաներ էիր գրել, իսկ այս անգամ ոչինչ գրված չէ թերթիկների վրա։
- Որովհետև բոլորն արդեն ամեն ինչ գիտեն։

Էդգար Ղազարյանը բազմաթիվ առիթներով քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես ասում են՝ բոլորն արդեն ամեն ինչ գիտեն։ Եվ այս պարագայում Էդգար Ղազարյանի լռությունը կարծես նմանվում է խորհրդային այլախոհի մաքուր թռուցիկին, որից վախեցել էր սովետական իշխանությունը։

Ղազարյանի լռությունից վախեցել են, քանի որ, հավանաբար, կարծել են, թե դա նշանակում է, որ ժողովուրդն արդեն ամեն ինչ գիտի ՔՊ-ի մասին, ասելու բան էլ չկա։ Այսինքն՝ ենթադրելի է, որ լռության ժամանակ ՔՊ-ականը հիշել է իրենց սխալները, թե ինչ կորուստներ են պատճառել պետությանն ու ժողովրդին։ Այդ վերհուշը, հավանաբար, նյարդայնացրել է նրան և նա անջատել է խոսափողը։ Այսպիսով՝ պատգամավորի լռությունն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան խոսքը։ Եվ ԱԺ նախագահի կողմից ընդդիմադիր պատգամավորի խոսափողն անջատելը նշանակում է, որ նրա լռությունն ավելի է գցել ՔՊ-ի վարկանիշը, քանի որ այդ լռության ժամանակ բոլորն են հիշել ՔՊ-ի կատարած աղետալի սխալները։

Սրանից զատ՝ վտանգավոր է, որ ԱԺ նախագահը կարծում է, թե պատգամավորի լռությունը ծաղր է։ Գուցե մարդն իսկապես մտածում էր, հավաքում էր ասելիքը հարց տալու համար։ Չէ՞ որ հատկացված ժամանակը նաև մտածելու համար է։ Մարդն իրավունք չունի՞ մտածելու։ Մտածող մարդուց վախենո՞ւմ են։ Եթե ՀՀ-ում մտածող մարդուց վախենում են, ապա ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, Ռուսաստանի կամ Չինաստանի պես հակաժողովրդավարական երկիր է։

Փաշինյանը դանդաղ է շտապում։ Երբ ժողովուրդը անկախության պաշտպանությանն ուղղված քայլեր է ակնկալում իշխանությունից, ՔՊ առաջնորդը հիշում է, որ իրենք դանդաղ են շտապում՝ մտածելով։ Ռուբինյանն ինչո՞ւ Փաշինյանին նկատողություն չի անում ու չի ասում, որ նա երկիրը կրկեսի է վերածում իր դանդաղաշարժությամբ։ Բազմաթիվ մարդիկ դանդաղ են խոսում՝ մտածելով։ Դա իրենց ոճն է, յուրաքանչյուր ոք իր ոճն ունի։ Ղազարյանը մտածելով է խոսում, Փաշինյանը՝ գոռալով։ Վերջինս ԱԺ ամբիոնից բազմիցս բարձր գոռգոռալով է խոսել։ Հիմա Ռուբինյանը վաղը անջատելո՞ւ է գոռգոռալով խոսող Փաշինյանի խոսափողը, ասելու է՝ «Գոռալը բարեկիրթ չէ» և անջատելո՞ւ է նրա խոսափողը, թե՞ միայն ընդդիմադիր պատգամավորների հետ է այդպես վարվում։ Եթե Փաշինյանին արգելեն գոռալ, ապա նրա խոսքը կկորցնի ուժը։ Փաշինյանի ուժը գոռգոռալն է, Ղազարյանինը՝ լռությունը։ Դրանցից ո՞րն է բարեկիրթ։

Կարճ ասած՝ Ռուբինյանի թույլ կետերից մեկը բացահայտված է։ Նա վախ ունի խոսափողի առաջ լռող պատգամավորից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ենթադրելի է, որ ընդդիմադիր մյուս գործիչները ևս իրենց հատկացված ժամանակի մի մասում կլռեն խոսափողի առաջ։ Գուցե լռությունը հաղթի ՔՊ-ական աղմուկին։ Այսպես գուցե խորհրդարանում ուժերը կհավասարվեն, և հնարավոր կլինի ազգօգուտ օրենքներ ընդունել, նպաստելով ինքնիշխանության ամրացմանն ու պետության առաջընթացին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար