Ներքին 32 րոպե առաջ - 15:28 25-11-2026

Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայ ժողովրդի ազգային հերոս, ռազմական գործիչ, ազատամարտիկ և մտավորական Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն զբաղեցրած ԱՎՈ-ն այսօր կդառնար 69 տարեկան։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վիսալիա քաղաքում, հայ ընտանիքում։ Չորս երեխաներից երրորդը լինելով՝ դեռ պատանեկության տարիներից հետաքրքրվել է իր ազգային արմատներով, հայոց պատմությամբ և ժողովրդի ճակատագրով։

Նա բարձրագույն կրթություն է ստացել Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում՝ ուսումնասիրելով հին Ասիայի պատմությունն ու հնագիտությունը։ 1978 թվականին ավարտելով համալսարանը՝ ընդունվել է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտուրա, սակայն հետագայում հրաժարվել գիտական կարիերայից՝ իր կյանքը նվիրելով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու ազգային պայքարին։

Մոնթեի անցած ուղին լի էր պայքարով ու փորձություններով։ Նա մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի իրադարձություններին, 1980-ականներին ներգրավվել հայկական զինված պայքարում և եղել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամ։ Հետագայում հեռացել է կազմակերպությունից՝ շարունակելով իր գործունեությունն այլ ուղղությամբ։ 1980-ականներին ձերբակալվել և բանտարկվել է Ֆրանսիայում, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 1990 թվականին, վերադարձել Հայաստան։

Արցախյան պատերազմի տարիներին Մոնթե Մելքոնյանը դարձավ հայ ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկը։ 1992 թվականից ղեկավարելով Մարտունու պաշտպանական շրջանը՝ նա կազմակերպել է պաշտպանական գործողություններ և մասնակցել Արցախի ու Հայաստանի տարբեր շրջաններում մղված ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զինակիցների և մարտական ընկերների շրջանում նա հայտնի էր ԱՎՈ անունով։

Մոնթե Մելքոնյանի կյանքն ընդհատվեց 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտակայքում։ Նրա զոհվելուց հետո Հայաստանի և Արցախի պատմության մեջ նրա անունը դարձավ անձնվիրության, խիզախության ու հայրենասիրության խորհրդանիշ։

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումներին, ինչպես նաև մի շարք պետական պարգևների։

Նրա մարմինն ամփոփված է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Անցած տասնամյակները չեն խամրեցրել Ավոյի հիշատակը։ Մոնթե Մելքոնյանի անունն այսօր էլ շարունակում է ապրել հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ՝ որպես հայրենիքին անմնացորդ նվիրվածության, պայքարի և անձնազոհության խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է