Ավելին 1 ժամ առաջ - 23:18 05-08-2026

155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան

155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգում, որտեղ 1871 թվականից գործում է օդերևութաբանական կայան, առաջին անգամ 155 տարվա դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է մի ամբողջ օրացուցային ամիս՝ առանց որևէ տեղումների։

Ավելի վաղ Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Ֆերմերների ազգային միությանը (NFU), հայտնել էր, որ աննախադեպ շոգի և դրա հետևանքով առաջացած երաշտի պատճառով երկիրը կարող է բախվել պարենային մթերքների պակասի վտանգին։

Հուլիսի վերջին Անգլիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ հաստատվել է անոմալ շոգ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երաշտ է հայտարարել Անգլիայի տարածքի գրեթե կեսում։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավարևելյան հատվածում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածը առանց տեղումների։

Հիշեցնենք, որ հունիսին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը գերազանցել էր +37°C՝ սահմանելով նոր ռեկորդ։ Իսկ Լիդսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Դուգլաս Փարքերի գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա 25 տարիների ընթացքում +40°C ամառային շոգը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի համար սովորական երևույթ»,-գրել է նա։