Սպորտ 19 րոպե առաջ - 23:46 20-11-2026

Ռոնալդուի գոլը բավարար չեղավ. Սպերցյանն ու ընկերները հաղթեցին գործող չեմպիոնին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Ալ-Նասրի» նկատմամբ (3-1)։

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց հյուրերի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հեղինակելով իր կարիերայի 986-րդ գոլը։ Ընդամենը չորս րոպե անց՝ 18-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվողը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն 11-մետրանոց նշակետից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը մինչև ընդմիջում. առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, աչքի ընկավ Գալենոն (1-1)։

Երկրորդ կեսում «Ալ-Ահլին» զարգացրեց հաջողությունը։ 71-րդ րոպեին VAR համակարգի դիտումից հետո նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Այվան Թոնին՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Չորս րոպե անց՝ 75-րդ րոպեին, Գալենոյի փոխանցումից հետո Ռոժեր Իբանիեսը խփեց տանտերերի երրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Հատկանշական է, որ այդ գոլային գրոհին իր ակտիվ գործողություններով նպաստեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց հանդիպման 80-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» վաստակած միավորների քանակը հասցրեց 24-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական, իսկ «Ալ-Նասրը» 28 միավորով գտնվում է 3-րդ տեղում։

Ամենից շատ դիտված