Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:55 07-07-2026

Ներսից խայտառակ նուրբ էր, անարդար կիսատություն կա. Նազենի Հովհաննիսյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի անժամանակ մահը շարունակում է սգալ ամբողջ հայկական մշակութային աշխարհը։ Սիրված դերասանի հիշատակին չափազանց խորը, էմոցիոնալ և բացառիկ հուշերով հարուստ գրառում է նվիրել հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով երկար տարիներ բեմում և կինոյում եղել է վարպետի խաղընկերը։

Նազենին վերհիշել է նրանց առաջին ստեղծագործական հանդիպումը, որը տեղի է ունեցել դեռևս 2003-2005 թվականներին՝ իր կուրսղեկ Արմեն Մազմանյանի բեմադրած Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ներկայացման ժամանակ, որտեղ հավաքված էր Հայաստանի 4 սերնդի աստղաբույլը.

«Տյուշը Զագորեցկին էր… ես՝ Սոֆյա Ֆամուսովան… 23 էի ընդամենը, նա արդեն 44, երբ խաղացինք։ Ասում էր, որ դեղնականաչ աչքերով մարդիկ տարբերվում են… ու Սունդուկյանի բեմում փորձերի արանքում տարբեր բաներից էինք խորանում…»,- պատմել է դերասանուհին։

Նազենի Հովհաննիսյանն առանձնացրել է նաև նրանց մյուս մեծ նախագծերը, որոնք դրոշմվել են հայկական կինոյի պատմության մեջ։ 2007 թվականին Արտաշես Ալեքսանյանը մարմնավորել է տիրական ու ուժեղ Նինոսին, իսկ Նազենին՝ նրա Շամիրամին։ Ավելի ուշ նրանք հանդիպել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմում. «Տյուշը միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր… 2013-ին հիշում եմ՝ ոնց էին մեմ սարքել նրա «ես Գարեգին Նժդեհն եմ» կտորը, որն իրականում ցավի ու ապրածի մռնչյունն էր… պատմական անարդարության ու հայերին բան հասկացնելու խեղդված բարկությունը…»,- նշել է Նազենին։

Գրառման մեջ դերասանուհին բաց տեքստով անդրադարձել է նաև այն ծանր շրջանին, երբ հանրության մի մասը չէր հասկացել դերասանի մասնագիտական առաքելությունը. «Հիշում եմ ՀԵՏՈՆ, երբ անարգանքի սյանը գամեցին ուրիշ դերի համար (թշնամու դեր էր), որը ոմանց քիմքին հարիր չէր էն ժամանակ, իսկ հիմա… Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ։ Հա աշխատում էր…»։

Նազենին ցավով հավելել է, որ դերասանն իր տեսակով «անդադար հուլիսյան էր», և քանի որ հուլիսի 17-ին կբոլորեր նրա 65-ամյակը, նա գնաց չափազանց երիտասարդ. «Կիսատություն կա էս ամենում… անարդար կիսատություն։ Լույսերի արքայության մեջ փայլես սիրուն Հոգովդ, Եղբա՜յր»,- հուզիչ խոսքերով իր գրառումն է եզրափակել դերասանուհին։

Թամարա Քալանթարյան