Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:00 02-07-2026

Փող չկա․ «Միքայելյան» ԲԿ-ում հրաժարվել են պետպատվերով վիրահատել քաղաքացուն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ին դիմած քաղաքացին ահազանգում է, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում բուժվող իր մայրը բախվել է վիրահատության հետ կապված խնդրի։

Նրա խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերին կոլոնոսկոպիայի ընթացքում հայտնաբերված 13 պոլիպներից 11-ը հեռացվել են, իսկ ևս երկու պոլիպի հեռացումը հետաձգվել է, քանի որ նախ անհրաժեշտ էր կատարել մեկ այլ վիրահատություն։ Այդ միջամտությունը, քաղաքացու պնդմամբ, իրականացվել է պետության ֆինանսավորմամբ։ Վեցամսյա սպասման ժամկետից հետո նրանք կրկին դիմել են «Միքայելյան» ԲԿ՝ հերթական վիրահատության համար անհրաժեշտ ցուցումը ստանալու նպատակով։

Սակայն, ինչպես պնդում է քաղաքացին, բուժհաստատությունում հրաժարվել են տրամադրել այդ ցուցումը՝ պատճառաբանելով, որ պետությունն այլևս չի փոխհատուցում տվյալ վիրահատության ծախսերը, քանի որ այն համարվում է թանկարժեք ծառայություն։

«Այդ վիրահատությունը առաջին անգամ կատարվեց պետության ֆինանսավորմամբ։ Դրանից հետո պետք էր սպասել 6 ամիս։ Այժմ այդ ժամկետն անցել է, և այսօր գնացել եմ «Միքայելյան» հիվանդանոց, որպեսզի ինձ տան համապատասխան ցուցումը, ներկայացնեմ պոլիկլինիկա և կազմակերպվի երկրորդ վիրահատությունը։ Սակայն ինձ ասացին, որ իրենք չեն կարող այդ ցուցումը տրամադրել, քանի որ պետությունը տվյալ վիրահատությունների համար ֆինանսավորումը չի փոխհատուցում։ Ասացին, որ թեև հաստատումներ լինում են, բայց փաստացի գումարները հիվանդանոցին չեն փոխանցվում»,- պատմում է հիվանդի դուստրը։

«Միքայելյան» բժշկական կենտրոնից Oragir.News-ի հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության հետ։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ, քանի որ դեպքը բազմագործոն է և պահանջում է կոնկրետ տվյալների ուսումնասիրություն։

«Պետք է հասկանալ, թե պացիենտն ինչ կարգավիճակ ունի՝ ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ, օգտվո՞ւմ է որևէ արտոնությունից։ Բացի այդ, «Միքայելյան» բժշկական կենտրոնը պետք է մասնագիտական պարզաբանում ներկայացնի՝ հիվանդության տեսակը կամ տվյալ միջամտությունն ընդգրկվա՞ծ է պետական աջակցության կամ առողջապահական ապահովագրության շրջանակում, թե՞ ոչ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ պատասխան տալ»,– նշեցին նախարարությունից։

Նախարարությունում նաև ընդգծեցին, որ ներկայում առողջապահական համակարգում իրականացվում է անցումային փուլ․ պետական աջակցության մի շարք ծրագրեր աստիճանաբար տեղափոխվում են առողջապահական ապահովագրության համակարգ, մինչդեռ որոշ ծառայություններ շարունակում են իրականացվել պետպատվերի շրջանակում։ Ուստի յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի առանձին՝ հաշվի առնելով ինչպես հիվանդության բնույթը, այնպես էլ պացիենտի կարգավիճակը։

«Նույնիսկ շատ ավելի ծախսատար բուժումներ, օրինակ՝ քիմիաթերապիան կամ էնդոպրոթեզավորման մի շարք վիրահատություններ, շարունակում են ֆինանսավորվել պետության կողմից։ Հետևաբար, դժվար է ենթադրել, որ միայն վիրահատության արժեքն է մերժման պատճառը։ Չի բացառվում, որ որոշումը պայմանավորված է պացիենտի կարգավիճակով կամ տվյալ ծառայության ֆինանսավորման կարգով»,- նշեցին նախարարությունից։

Առողջապահության ներկայացուցիչը նաև նշեց, որ պատրաստ է մասնագետների միջոցով ճշտել դեպքի մանրամասները և աջակցել քաղաքացուն։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր