Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամ առաջիկայում վաղաժամ կդադարեցնեն իրենց լիազորությունները։ Խոսքը խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի և ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանի մասին է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք ստանալու են Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ, ինչի հետևանքով նրանց ավագանու մանդատները կթափուր մնան։
Արդյունքում Գյումրիի ավագանին կունենա նոր համալրումներ։ Մեր տեղեկություններով՝ մանդատ կստանա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, որը նախկինում ևս եղել է Գյումրիի ավագանու անդամ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին, երբ Գյումրիի քաղաքապետարանում ստեղծվել էր կառավարման ճգնաժամ, ՔՊ խմբակցության երկու անդամներ՝ Արթուր Պապիկյանն ու Նարեկ Բեկզադյանը, վայր դրեցին իրենց մանդատները։ Այդ ժամանակ թափուր մնացած մանդատներից մեկը փոխանցվեց Ալբերտ Մարտիրոսյանին։
Միաժամանակ Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 3-ին կկայանա ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև կադրային փոփոխություններին վերաբերող հարցեր։
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գյումրիի 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանից։
«Գյումրիի քաղաքապետարանից մեզ արձանագրություն դեռևս չի հասել։ Այս պահին որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց Ղազարյանը։
Անահիտ Չալիկյան