Փողոցներն ու մայթերը ձյան ու սառույցի մեջ թողնելը, քաղաքացիներին ու հյուրերին անհարմարություններ ու տհաճություն պատճառելը ցույց է տալիս, որ իշխանությունները այլ իրականության մեջ են, ժողովրդի հետ կապ չունեն։
Երևանում հունվարի 18-20-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սա շարունակվող փորձություն է քաղաքային իշխանության համար։ Լավ կամ վատ մաքրում են միայն գլխավոր փողոցները։ Իսկ երկրորդային փողոցները, մայթերն ու բակերը ձյուն ու սառույցի մեջ են մնում, անհարմարություն ու տհաճություն պատճառելով մարդկանց։
Մաքրելու բավարար ռեսուրսներ, տեխնիկա, աշխատողներ չկա՞ն։ Չկա՞ քաղաքական, թիմային կամք։ Պետության, քաղաքի, ժողովրդի հանդեպ հոգատարություն չկա՞։ Թե՞ միայն հարկատուների միջոցները մսխելու ցանկությունն է միավորում ՔՊ-ականներին։ Ինչո՞ւ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դուրս չի գալիս փողոցներն ու մայթերը ձնից, սառույցից մաքրելու։ Ինչո՞ւ ՔՊ-ականները կամավորական խմբեր չեն կազմում ու մայթերն ու բակերը մաքրում ձյուն ու սառույցից, այլ միայն կոչ են անում ու տուգանում։
Նիկոլ Փաշինյանն ամռանը կեցավայրից ոտքով գնում էր Բաղրամյան փողոց ու ավտոբուսով գնում աշխատանքի։ Այդ ճանապարհին նա քայլում էր ոտքով, դառնում սովորական քաղաքացի, ժողովրդից մեկը։ Հիմա նա չի քայլում։ Անվտանգության աշխատակիցները, հավանաբար՝ թույլ չեն տալիս, որ վարչապետը ոտքով շրջի Երևանում, որովհետև մայթերը ձյան ու սառույցի մեջ են՝ վտանգավոր է։
Փորձը ցույց է տալիս, որ մայթերը մաքրելու հարցում հարկադրանքն արդյունավետ չէ, քանի որ մայթերի ոչ բոլոր հատվածներին հարակից օբյեկտներ կան և ոչ բոլոր օբյեկտներին կարող են տուգանել։ Երբեմն քաղաքական ղեկավարի անձնական օրինակն ավելի արդյունավետ է, քան նրա հրամանը, կոչը կամ տուգանքը։ Անհրաժեշտ է այս հարցում հանրային մշակույթ ձևավորել, շեշտը դնելով կամավորության վրա։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները ոչ թե պետք է կոչ անեն կամ տուգանեն տնտեսվարողին, որը չի մաքրում իր օբյեկտի հարակից մայթը, այլ պիտի օրինակ ծառայեն։ Մասնավորապես՝ ՔՊ-ականները կարող են կամավորական խմբեր ձևավորել և մաքրել ձյուն ու սառույցից ոչ միայն գլխավոր փողոցներն, այլև երկրորդային փողոցները, մայթերը և նույնիսկ բակերը։ Ու երբ մարդիկ տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը անձամբ մասնակցում են այս աշխատանքներին, ապա կմտածեն, որ այս ղեկավարներն, իրոք՝ պետության, քաղաքի, ժողովրդի հանդեպ հոգատարություն են դրսևորում։
Ամեն կիրակի Նիկոլ Փաշինյանի հետևից հարյուրավոր մարդիկ են գնում եկեղեցի։ Տիգրան Ավինյանի այցերի ժամանակ ևս տասնյակ մարդիկ են նրան ուղեկցում։ Նրանք նույն հաջողությամբ կարող են ամեն երկուշաբթի փողոց դուրս գալ ՔՊ-ական թիմակիցների ու կամավորների հետ միասին ու մաքրել մայթերն ու բակերը սառույցից, ձյունից, աղբից։ Այսինքն՝ ցանկության պարագայում՝ ՔՊ-ական իշխանությունը կարող է վարչական ռեսուրս մոբիլիզացնել և օրինակ ծառայել հասարակությանը։ Մարդիկ կվարակվեն ու իրենք ևս կմասնակցեն այդ մաքրությանը։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամն էլ կարող է որոշ միջոցներ հանգանակել այս աշխատանքներին ներգրավված կամավորներին վարձատրելու համար։
Հակառակ պարագայում տպավորություն կստեղծվի, թե ՔՊ-ն ու Տիգրան Ավինյանը ժողովրդից կտրված են, ժողովրդի հետ կապ չունեն, ձյուն մաքրող չունեն, թքած ունեն քաղաքի վրա էլ, քաղաքացիների վրա էլ, հյուրերի վրա էլ։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ տգեղ ու վտանգավոր են սառցակալած ու կեղտոտ երկրորդային փողոցները, մայթերն ու բակերը։
ՔՊ-ի այս անտարբերությունից կարող են օգտվել մրցակիցները, ընդդիմադիր ուժերը։ Նրանք կարող են իրենց դրոշներով կամավորական խմբեր կազմել ու մաքրել քաղաքը։ Այդպես նրանք ցույց կտան, որ լրջորեն հավակնում են իշխանության, իսկապես ուզում են հաղթել հունիսի 7-ի ընտրություններում։ Այսպես վստահություն կներշնչեն, որ եթե իրենք Փաշինյանին հաղթեն և նոր իշխանություն ձևավորեն, ապա հոգատար վերաբերմունք կդրսևորեն քաղաքի ու քաղաքացիների հանդեպ, կմաքրեն նաև երկրորդային փողոցները, մայթերն ու բակերը, կբարձրացնեն երջանկության համախառն ներքին համաթիվը։
Պատկերավոր ասած՝ ձյունն իր երգն է երգում։ Ու եթե երկուշաբթի Ավինյանը մոբիլիզացնի թիմակիցներին ու կամավորներին և մաքրի քաղաքը ձյունից, սառույցից ու աղբից, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ն ձգտում է արժանանալ ժողովրդի քվեին։ Իսկ եթե շարունակվի այս անտարբերությունը, ապա կարելի է ասել, որ հունիսի 7-ին ՔՊ-ն կպարտվի, և Նիկոլ Փաշինյանը կրկին ընդդիմադիր կդառնա։
Թաթուլ Մկրտչյան