Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:21 18-01-2026

Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսի պաշտոնից ազատման ակտը ոչ վարչական է, ոչ քաղաքացիաիրավական և չի կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից դատարան ներկայացված հայցը և դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցը՝ նրան մինչև վերջնական դատական ակտը թեմի առաջնորդի պաշտոնում «վերականգնելու» վերաբերյալ, առաջացնում են ոչ միայն իրավական, այլև սահմանադրական լրջագույն խնդիրներ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթ չունի։ Եպիսկոպոսը իր ծառայությունը իրականացնում է ոչ թե պայմանագրի, այլ եկեղեցական ուխտի և կանոնական ենթակայության հիմքով, ինչը բնույթով բացառապես հոգևոր և ներհամայնքային հարաբերություն է։ Այս հանգամանքը վճռորոշ է իրավական տեսանկյունից, քանի որ աշխատանքային կամ քաղաքացիական վեճի բացակայության պայմաններում դատարանը իրավասու չէ նման հարաբերություն քննելու։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է պետություն–եկեղեցի հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Եկեղեցին ճանաչվում է որպես ինքնավար ինստիտուտ, իսկ պետությունն ու նրա մարմինները պարտավոր են զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց։ Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսի պաշտոնից ազատման ակտը ոչ վարչական է, ոչ քաղաքացիաիրավական և չի կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա։ Դատարանի կողմից նման ակտի կասեցումը կամ դրա իրավաչափության գնահատումը նշանակում է, որ աշխարհիկ իշխանությունը իրեն վերապահում է եկեղեցական իշխանության վերահսկման իրավունք, ինչը բացահայտ հակասում է սահմանադրական կարգավորմանը։

Եկեղեցական ուխտի խախտման, կարգապահական պատասխանատվության կամ պաշտոնազրկման հարցերը ենթակա են քննության բացառապես եկեղեցական կարգով՝ եկեղեցական ժողովներում, կանոնական մարմիններում և Վեհափառ Հայրապետի իրավասության շրջանակում։ Դատարանը չունի ոչ իրավական լիազորություն, ոչ էլ մասնագիտական կարողություն՝ գնահատելու ուխտի խախտման փաստը, եկեղեցական կարգապահությունը կամ հոգևոր ծառայության համապատասխանությունը եկեղեցական կանոններին։

Դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը ձևավորում է խիստ վտանգավոր նախադեպ։ Եթե հնարավոր է դատարանի միջոցով «վերականգնել» թեմի առաջնորդին, ապա նույն տրամաբանությամբ վաղը կարող են վիճարկվել եկեղեցական ժողովների որոշումները, կասեցվել կաթողիկոսի իրավասությունները կամ աշխարհիկ իշխանության ազդեցությամբ փորձ արվել վերաձևավորել եկեղեցական ղեկավարությունը։ Սա արդեն եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման խնդիր է։

Այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանությունից անկախ։ Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը։ Այդ իմաստով տեղի ունեցողը հերթական դրսևորումն է այն քաղաքական գծի, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանազատման սահմանադրական գիծը։

Այսպիսով, տվյալ դատական վարույթը իրավական առումով անհիմն է, սահմանադրական տեսանկյունից՝ անթույլատրելի, իսկ ինստիտուցիոնալ հետևանքների առումով՝ վտանգավոր։ Եկեղեցու ներքին կարգապահական և կանոնական հարաբերությունները չեն կարող և չպետք է դառնան աշխարհիկ դատարանի քննության առարկա։ Հակառակ դեպքում խաթարվում է ոչ միայն Եկեղեցու ինքնավարությունը, այլև սահմանադրական պետության հիմքը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից