Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասաց Դանիելյանը։
Մեր զրուցակիցը հստակ ժամկետ չնշեց` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։
Դանիելյանը հիշեցրեց, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։
«Իրադրությունը երկրում այնպիսին էր, որ եկեղեցին չէր կարող պատերազմից հետո ստեղծված սոցիալական խնդիրները թողած լայնածավալ այլ խնդիրներ իրականացնել, հապճեպ համարել, ասենք, Ազգային ներկայացուցչական ժողովի կամ եկեղեցական ժողովի գումարումը»,– ընդգծեց Դանիելյանը։
Նա նշեց, որ առաջիկայում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ կգումարվի, որի ժամանակ կհստակեցվի ժողովի գումարման օրը։
«Կազմակերպչական հարցեր կան, որոնք ողջամիտ ժամկետ են պահանջում»,– հավելեց Դանիելյանը։
Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ազգային եկեղեցական ժողովը գումարվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։