Երկրում կատարվող հանցագործությունների մեծ մասում պատասխանատու են իշխանությունները։ Այսպես է եղել և կա ամենուր ու միշտ։ Օրինակ՝ երբ քաղցած մարդիկ հաց են գողանում, ապա մեղսակից են իշխանությունները, որոնք չեն կարողացել մարդկանց ապահովել աշխատանքով, թոշակով, նպաստով, մի կտոր հացով, չեն դաստիարակել, սերմանել արժեքներ։ Այդպիսով՝ անուղղակի դրդել են մարդկանց հուսահատ քայլի։
Հուլիսի 19-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անհայտ անձինք ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: «Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: «Վեոլիա Ջուր» ընկերության թիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել: Ընկերությունը պատրաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունեություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Այս ենթադրյալ հանցագործության մեջ ՔՊ-ական իշխանությունները մեղքի բաժին ունե՞ն։
Ընդհանրապես՝ բարձր պաշտոնյաների հայհոյախոսությունն ու խոսքի մակարդակի անկումը հանգեցնելու են հանցագործության ընդհանուր աճին։ Մարդիկ կարծելու են, որ բարոյական նորմերը, արժեքները, օրենքները կարելի է խախտել ու անպատիժ մնալ։
Վերոնշյալ հայտարարության մեջ ակնարկ կա, թե գյուղացիներն, առանց իրավունքի՝ ձեռք են տվել ջրի բաժանարար փականային հանգույցին՝ ջուրն իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: Բա ի՞նչ պետք է անեին հուսահատ գյուղացիները, երբ բերքն ամռան արևի տակ անջուր փչանում էր։ Որտեղի՞ց պետք է ջուր բերեին, որ իրենց այգիներն ու արտերը ջրեին։
ՀՀ-ում գյուղնախարարություն չկա, լուծարված է, միացված է Էկոնոմիկայի նախարարությանը։ Նախարարը գիտի՞, որ այս գյուղերում ոռոգման ջուր չունեն։ Եթե գիտի, ապա ինչո՞ւ չի կարգավորում։ Արմավիրի մարզպետն էլ, հավանաբար քաջատեղյակ է, որ այս գյուղերում այգիները ոռոգման ջուր չունեն։ Գյուղապետները նույնպես գիտեն այս մասին։ Նրանք ամեն ինչ արե՞լ են, որ գյուղացիներն այգիները ոռոգելու ջուր ունենա ամռան շոգին, կարգավորե՞լ են խնդիրը։
Եթե իշխանությունները ոչինչ չեն արել կամ լավ չեն կազմակերպել, այգիների ոռոգման խնդիրը թողել են ՋՕԸ-ների վրա, ՋՕԸ-ներն էլ չեն կարողացել սահմանափակ ռեսուրսը այնպես բաշխել, որ բոլորին ջուր հասնի, ապա բնական է՝ որ գյուղացին պետք է այլ կերպ փորձեր լուծել այգիները ջրելու կենսական խնդիրը։
Ի վերջո՝ իշխանությունները պարտավոր էին կանխատեսել, որ ամռան շոգին ոռոգման ջուրը բոլորին չի հերիքելու։ Այդ հաշվի առնելով կարող էին պարտավորեցնել «Վեոլիա ջրին», որ գյուղացիներին օգնի, ձեռք բռնի, ոռոգման հարցում համագործակցի ՋՕԸ-ների հետ, մի քիչ ջուր տա այս թեժ սեզոնին, որ մարդկանց այգիները չչորանան, ամիսների չարչարանքը չկորի։
Կարճ ասած՝ եթե իրավապահներն են հետաքրքրվելու խնդրով, ապա հարկ է հաշվի առնեն, թե ու՞մ անգործության, վատ աշխատանքի, անտարբերության հետևանքով են անհայտ անձինք ձեռք տվել փականային հանգույցին՝ ջուրն իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: Ու եթե լուրջ քննեն, ապա կարող են պարզել, որ մեղավոր են նաև նախարարը, մարզպետն ու գյուղապետները, որոնք խնդիրն այնպես չեն կարգավորել, որ բոլորին ջուր հասներ, և անհայտ անձինք ձեռք չտային ջրի խողովակի փականային հանգույցին։ Պատկերավոր ասած՝ փականային հանգույցի վրա կարող են տեսնել նախարարի, մարզպետի մեծ ու պարզ մատնահետքերը։
Թաթուլ Մկրտչյան