Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին, Թուրքիան մտնում է Հայաստան, Սյունիքում միջա՞նցք է բացվում․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 19:47 10-07-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Աբու Դաբիում կայացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հինգ ժամ տևած բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդում: Նույնաբովանդակ հաղորդագրությունում կողմերը հայտնել են, թե քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Չնայած հանդիպումից առաջ ու դրա ընթացքում միջազգային ու տեղական լրատվամիջոցների դիտակետում երկկողմ օրակարգի մյուս երկու հիմնական թեմաները՝ ապաշրջափակումն ու խաղաղության պայմանագիրն էին, բայց բանակցություններից հետո տարածված պաշտոնական հայտարարությունում միայն սահմանազատման հարցին առանձին անդրադարձ կա: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն նաև շեշտել են, որ ամենաարդյունավետ ձևաչափը երկկողմ բանակցությունները են համարում, և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին հրապարակումները: «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստող ջանքերին: Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Պետքարտուղարության խոսնակը: Անցած շաբաթասկզբին «Քարնեգի» հիմնադրամը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Համաձայն «Քարնեգի»-ի հրապարակման՝ «Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»: Նշենք, որ այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Փաշինյանն ու Ալիևը ի թիվս այլ հարցերի քննար կել են նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։

Իրավապահներն այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացրել Դաշնակցության անդամների տներում, այդ թվում՝ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի: Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնեցին, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է, բոլորն էլ դաշնակցականներ են։ Ձերբակալվածների շարքում է նաև Գեղամ Մանուկյանի որդին: Պատգամավորը պատմեց, որ խուզարկության ժամանակ իրենից ուժով առգրավել են իր հեռախոսը։ «Փորձեցին առգրավել հեռախոսս, ասում եմ՝ Ազգային ժողովի պատգամավորի հեռախոս է, անձեռնմխելիության հարց կա, ոչ մի բան չգտան, սկսեցին մանրամասն թղթերս նայել, 90-ականների գրառումներս, դիպլոմային աշխատանքս: Մեկ էլ շատ անակնկալ առանձին հրավիրեցին բալկոն ու հեռախոսս փորձեցին խլել, քաշքշուկ եղավ, բայց շատ էին կարողացան տանել»,- նշել է նա։

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բաց նամակ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանավորմանը։ «Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։ Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։ Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։ Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է…»։ Սրբազանն իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատե քստը՝ պնդելով, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված