Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ կընդունի Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին: «Սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն «Մտադրությունների մասին հուշագիր», ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական նվաճում, որին նա ձգտում էր տարածաշրջանում անցյալ ամիս»,- գրում է պարբերականը։ Հատկանշական է, որ ըստ Middle East Eye-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին, որպեսզի նրան տեղեկացնի գագաթնաժողովի մասին: Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել էին, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր: «Գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կմիացներ Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն իր մեջ կրում է իռեդենտիստական հետևանքներ իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար»,- գրում է պարբերականը։ Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները երեկվանից գրում են, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հայաստանի կառավարությունից այս տեղեկությունը ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են ոտքին ամրացված վարչական հսկողության սարքի միջոցով։ Այս մասին Աշոտյանն ասեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը։ Աշոտյանը ցույց տվեց ոտքին ամրացված սարքը և կատակեց` վերջին մոդելի վարչական հսկողության ոտնոց է։ «Վստահ եմ` գաղտնալսող սարքը մեջը դրված է։ Դատարանում բարձրաձայնել եմ իմ կասկածը, որ նախորդ հսկողության սարքում համապատասխան ծառայությունների կողմից տեղադրված է «բզեզիկ»՝ ժուչոկ, որն իմ անձնական կյանքի իրավունքը ոտնահարում է։ Սակայն որևէ պետական մարմին չեկավ, չստուգեց, դատարանն անտարբերություն ցուցաբերեց։ Սա միայն ամրապնդեց այն կասկածները, որ Հայաստանում անգամ բանտից դուրս գալուց հետո հսկողության տարբեր գործիքներով մարդկանց անձնական և քաղաքական ապօրինի միջամտությունները շարունակվում են»,– ասաց նա։ ՀՀԿ փոխնախագահը դժգոհ է նաև դատարանի՝ ՀՀ-ից դուրս գալու արգելք սահմանելու որոշումից, որը դեռևս 2022 թվականի նոյեմբերից կիրառվում է իր նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա խանգարում է իր քաղաքական գործունեությանը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին զրպարտության ու վիրավորանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք պատասխանող Վաղարշակ Սոսի Հակոբյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 3,000,000 դրամ»,– նշված է կայքում։ 3 մլն դրամից 2 միլիոնը զրպարտության համար է, 1 միլիոնը` վիրավորանքի։ Ավելի վաղ Բագրատ սրբազանը դատի էր տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Վահագն Խաչատուրյանը «հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Նախագահականից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։ Իրանական պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա։ «Մենք ողջունում ենք տարածաշրջանում և հարևան երկրների միջև երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, և մենք կարծում ենք, որ խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության», - ընդգծել է Իրանի փոխանախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում: