Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:45 04-08-2025

Փաշինյանն ու Ալիևը ԱՄՆ-ում կհանդիպե՞ն, Սյունիքում էլի կրակել են, չվճարողները կտուգանվեն․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպում ադրբեջանական «Թուրան» գործակալության պաշտոնական թղթակից Ալեքս Ռաֆօղլուն՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։ «Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա: Հայկական կողմը առայժմ չի հստակեցնում՝ Փաշինյանը մեկնելո՞ւ է Միացյալ Նահանգներ, թե՞ ոչ։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»,- հայտնել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապա հավելել, որ նման այցերի պարագայում լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Ադրբեջանցի լրագրողը չի հստակեցրել՝ Վաշինգտոնում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում: Հիշեցնենք՝ Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում, այն տևել էր շուրջ 5 ժամ։

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ «Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան։ Սրբազանի պաշտպանները դեռևս հուլիսի 23-ին տեղեկացրել էին, որ նախաքննությունն ավարտվել է, իրենք ծանուցում են ստացել այդ մասին։ «Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան»,– հայտնում են գլխավոր դատախազությունից: Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ, քանի որ հրապարակային խոսքում նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում իրականացնել։ Ուշագրավ է, որ մոտավորապես 2 տարի առաջ՝ Արցախի բռնազավթման օրերին իր հարցազրույցներում Միքայել Սրբազանը կրկին նույն միտքն արտահայտել էր, սակայն այն ժամանակ Դատախազությունը նրա հայտարարություններում հանցակազմ չէր նկատել։

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ուղերձ է հրապարակել՝ նշելով, որ իրենց քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: «Բացի Երևանից, շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: այաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, ընտրվում է ռեգիոնը և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով, վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։ «Սովետական միության փլուզումից հետո մեր արյդունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: