Տեսանյութ Ներքին 11 ամիս առաջ - 21:15 12-08-2025

Փաշինյանն ու Ալիևը Թրամփի ընկերներն են, Ռոբերտ Քոչարյանից փոխհատուցում են պահանջում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ լուսանկարները: «Մեծ պատիվ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ: Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի եռակողմ հանդիպումը, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

«Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Խմբակցությունը շեշտում է, որ դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ: «Փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը։ Դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանն անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և ագրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ»,– ասված է հայտարարության մեջ։ Խորհրդարանական 2–րդ ուժի կարծիքով` ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, իսկ նախաստորագրված փաստաթուղթը հիմնված է բացառապես Ադրբեջանի ցանկության վրա։ Խմբակցության կարծիքով` տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմնված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: «Հայաստան» խմբակցությունը մերժել է այս գործելաոճը, անընդունելի և դատապարտելի է համարել Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները։

«Հանրապետական» կուսակցությունն էլ գտնում է, որ Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր փաստաթուղթն է։ Կուսակցությունը կարծում է, որ ստորագրելով այս համաձայնագիրը` ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։ ՀՀԿ–ն շեշտում է` փաստաթուղթն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։ ՀՀԿ–ն վստահեցրել է, որ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից և ենթադրում է արցախահայության «Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով»,– նշել է ՀՀԿ–ն։ Ընդդիմադիր ուժն ընդգծել է` փաստաթուղթն էականորեն սահմանափակելու է ՀՀ անվտանգության ինքնիշխանության ապահովման գործիքակազմը և կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։ ՀՀԿ–ն պահանջել է օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը: ՀՀԿ-ի կարծիքով` տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան