Իսլամական երկրները հուլիսի 6-ին Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին բանաձև են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի մասին։ Ուշագրավ է, որ այս հարցում Բաքվի դիրքորոշմանը լիակատար աջակցություն են հայտնել նաև կառույցի անդամներ Թուրքիան, Իրանը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցներ Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը։
«Գագաթնաժողովի մասնակիցները հիշեցնում են Ստամբուլի հռչակագիրը և Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևը՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների աղետալի վիճակի վերաբերյալ, և վերահաստատում վտարված այդ ադրբեջանցիների՝ իրենց ծագման վայրեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու անօտարելի իրավունքը»,- ասված է փաստաթղթում, որը հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ոմանք դաշնակիցների այս վարքը որակում են թիկունքից հարված։ Ինչո՞ւ են Հայաստանի դաշնակիցները հակահայկական բանաձևի տակ ստորագրում։
Առաջին հայացքից պարադոքս է, երբ Հայաստանի դաշնակիցը գործում է Հայաստանի դեմ։ Հանրության մի մասը կարծում է, որ ՔՊ-ականները ստում են, երբ այս երկրներին ներկայացում են որպես դաշնակիցների։ Այսինքն՝ խաբում են ժողովրդին ու աշխարհին, թե դաշնակից ունեն, ի դեմս՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամների։ Ավելին՝ ենթադրելի է, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ պայմանագրերը ձևական են, ապօրինի։ Ուստի՝ այս դաշինքների անդամները կաշկանդված չեն հակահայ բանաձև ընդունելու հարցում։
Իրանի պարագայում էլ պարագոքսալ պատկեր է։ ՀՀ-ն Իրանին եղբայրական աջակցություն ցուցաբերեց, հայտարարություններով հանդես եկավ, երբ Իսրայելը ոչնչացնում էր Իրանի միջուկային օբյեկտները։ Այս աջակցությունը գուցե թանկ կնստի Հայաստանի վրա։ Իսրայելն ու ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերություններում գուցե որոշ վերանայումներ կանեն։ Այսինքն՝ Հայաստանը կարող է տուժել Իրանին պաշտպանելու հետևանքով։ Իսկ Իրանը չի վարանում և հակահայկական բանաձևի տակ ստորագրում։ Գուցե կեղծ են այն պատկերացումները, թե Իրանը Հայաստանի դաշնակից է, քանի որ նրան որևէ նորմ չի կաշկանդվում հակահայկական քայլ անելուց։
Ի վերջո՝ տրամաբանական կարծիք կա, թե ՔՊ-ական իշխանությունները ևս դեմ չեն 100 հազար ադրբեջանցիների վերադարձին։ Եթե այդպես է, ապա ամեն ինչ ընկնում է տեղը։ Ենթադրելի է, որ Թուրքիան, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը նախքան բանաձևի տակ ստորագրելը ճշտել են ՀՀ դիրքորոշումն այս հարցում և ստացել են հստակ պատասխան՝ ՔՊ-ական իշխանությունը իր դաշնակիցներին, գործընկերներին, ինչպես նաև Թուրքիային տեղեկացրել է, որ դեմ չէ, չի առարկում, որ 100 հազար ադրբեջանցիներ վերադառնան իրենց ծագման վայրեր։ Դրանից հետո նրանք հանգիստ խղճով ստորագրել են բանաձի տակ։
Բայց ինչպե՞ս կարող է ՀՀ իշխանությունը չառարկել հակահայկական բանաձևի ընդունմանը։ Սա նորմալ չէ։ Եթե բացառում ենք այն վարկածը, թե ՔՊ-ականները պետական գիտակցություն չունեն, ապա կարելի է ասել, որ ՔՊ-ական իշխանությունն առաջնորդվում է ոչ թե ազգային շահերով, այլ սպասարկում է օտար պետության շահերը։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 2018-ին եղել է ֆորպոստի վարչապետ։ Գուցե հիմա՞ էլ է ֆորպոստի վարչապետ և գործում է Մոսկվայի թելադրանքով։ Այս դեպքում Իրանը, Ղազախղտանը, Տաջիկստանը, Ղրղզստանը բանաձևի տակ ստորագրելուց առաջ ճշտել են ոչ թե ՀՀ դիրքորոշումն այս հարցում, այլ Մոսկվայի։ Ու հանգիստ ստորագրել են, վստահ լինելով, որ եթե Մոսկվան դեմ չէ, ապա ՀՀ-ն էլ դեմ չէ, որ 100 հազար ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան։
Ի վերջո՝ ամենավիրավորականն այն է, որ հակահայկական բանաձևն ընդունվել է Ստեփանակերտում, որը հազարամյակներ շարունակ հայկական բնակավայր է եղել, բռնի հայաթափվել է 2 տարի առաջ։ ՀՀ-ն միջազգային հարթակներում չի բարձրացնում 2 տարի առաջ աշխարհի աչքի առաջ բռնի տեղահանված հայերի Արցախ վերադարձի հարցը, սակայն Բաքուն առաջ է մղում 37 տարի առաջ Հայաստանից ազատորեն մեկնած ադրբեջանցիների վերադարձի թեման։
Թաթուլ Մկրտչյան