Քասախում հունիսի 16-ին բողոքի ցույցի ընթացքում ոստիկանության աշխատակիցը հարվածել է 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար ժամանակ: Որոշ ժամանակ անց այդ ոստիկանն ազատվել է ծառայությունից
Ինչո՞ւ են ազատել, ու ի՞նչ հետևանք կունենա։ Արդյո՞ք կվերանա լրագրողի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ոստիկանի կողմից կիրառված բռնությունը լրագրողի նկատմամբ ունի սոցիալական և մանիպուլյատիվ պատճառներ։ Ոստիկանները գործի բերումով շատ են շփվում հանցագործների հետ։ Հանցագործները չեն սիրում ոստիկաններին։ Ոստիկաններն էլ փոխադարձաբար՝ հանցագործներին։ Սակայն որոշ ոստիկաններ այդ անբարյացկամությունը տարածում են ամբողջ ժողվրդի վրա։ Այսինքն՝ որոշներին թյուրիմացաբար թվում է, թե ոչ միայն հանցագործներն իրենց չեն սիրում, այլև ամբողջ ժողվուրդն իրենց չի սիրում։ Եվ նրանք լցվում են չարությամբ, ժողովրդի հանդեպ ատելությամբ, ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելը նրանց համար սովորական ու բնական բան է դառնում։ Իսկ լրագրողն էլ ժողովրդի մի մասն է, որին չեն տարանջատում մյուսներից, հավասար ատում են և հավասար էլ ծեծում։
Լրագրողների նկատմամբ թիրախային ատելություն քարոզվում է ՔՊ-ի կողմից։ ՔՊ անդամները, համակիրները նույնիսկ ՔՊ ղեկավար, բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյաները լրագրողների նկատմամբ ատելություն են տարածում։ Նրանք անվերջ քարոզում են, թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը ճիշտ են, լավն են, այդ լրագրողներն են վատը, որ վատ բաներ են գրում, ասում նրանց մասին։ Վերջինը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է օրեր առաջ լրագրողներին անդրադարձել։ Այսպիսի ատելության քարոզը տարածվում է նաև ոստիկանների շրջանում։ Նրանք, որպես կառավարության որոշումների պաշտպան, նույնպիսի ատելությամբ են լցվում լրագրողների հանդեպ, թյուրիմացաբար կարծելով, թե իրենց առաջնային թիրախը լրագրողն է։
Աշտարակի խճուղու դեպքը բացառիկ չէ։ Սակայն բաց է մնում հարցը, թե ինչո՞ւ են նրան ծառայությունից ազատել։ Ի՞նչ հիմքով։ Ի՞նչ խորքային պատճառներ է հայտնաբերել ծառայողական քննությունը։ Քանի դեռ պաշտոնական պարզաբանումը չկա, հանրային խոսույթում շրջանառվում է մի քանի վարկած։
Ոստիկանության աշխատակիցը ակնհայտ ոչ հավասարակշվռած վարք էր դրսևորում։ Այնպիսի տպավորություն էր, որ նրան այդտեղ ինչ-որ բան շատ խիստ զայրացրել էր։ Սա առաջին վարկածն է։ Ոմանք ասում են, թե նա ՔՊ անդամ է։ Եվ ջանասիրություն է ցուցադրել, որ կուսակիցները նրա պաշտոնը բարձրացնեն։ Կա վարկած նաև, որ այդ ոստիկանը հոգեկան խնդիրներ ունի։ Եվ այդ խնդիրները բորբոքվում են այսպիսի իրավիճակներում, երբ հավաքված շատ մարդ է տեսնում։ Ասում են, թե փոքր տարիքում ինչ-որ լրագրող նրան ծեծել է ու նվաստացրել, ինչը սպի է թողել ոստիկանի հոգում, ու նա լրագրող տեսնելիս հիշում է այդ նվաստացուցիչ պահն ու ատելությամբ, ագրեսիայով լցվում լրագրողի հանդեպ։ Ասում են նաև, թե ոստիկանը միտումնավոր է հարվածել լրագրողին, որ հանրության ուշադրությունը շեղվի ցուցարարների բարձրացրած խնդրից՝ կառավարության ընդունած հակաժողովրդական որոշումից։ Ի վերջո՝ վարկած կա, թե ոստիկանը խիստ անհանգստացած է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս»-ում՝ հայտնվելով 34-րդ հորիզոնականում։ Եվ հարևան, մրցակից երկրների հրահանգով փորձել է փոխել այդ պատկերը։ Այս ենթադրությունները ցրելու համար ոստիկանությունը պարտավոր է պարզաբանում հրապարակել, թե ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը, ինչո՞ւ է ոստիկանը գոռացել լրագրողի վրա, հարվածել լրագրողին, հետո ազատվել աշխատանքից։
Կարճ ասած՝ լավատեսական կարծիք կա, թե ոստիկանին ծառայությունից ազատելու որոշումից դաս կքաղեն բոլոր ոստիկանները, առաջիկայում լրագրողի վրա ձեռք, ձայն չեն բարձրացնի, հարգալից կվարվեն ոչ թե ժողովրդավարական արժեքներին հավատարմությամբ, այլ աշխատանքը չկորցնելու վախից ազդված։ Սրանից զատ՝ ՔՊ-ական իշխանություններին անհրաժեշտ է Արևմուտքի աջակցույթունը 2026-ին։ Այդ պատճառով նրանք մինչև 2026-ի հունիսի 7-ը լրագրող չեն ծեծելու։ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը խիստ պատժելու է նրանց, մանավանդ կին լրագրողի վրա ձեռք բարձրացնողին։
Թաթուլ Մկրտչյան