Մեծ է կինոյի ազդեցությունը սոցիալ հոգեբանության ձևավորման վրա։ Մշակութային երկխոսության ժամանակ, մշակութային էքսպանսիայի դեպքում ևս մեծ տեղ է տրվում կինոյին։
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը։ Մայիսի 24-30-ը Կինոյի տանը հանդիսատեսը հնարավորություն ունի 7 օր շարունակ դիտել որակյալ եվրոպական ֆիլմեր՝ «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա»։ Ֆիլմերը նախատեսված են 18-ից բարձր տարիքի անձանց համար։ Մուտքն ազատ է։
Ի՞նչ կփոխի եվրոպական ֆիլմերի փառատոնը Հայաստանում։
Ամենամյա դարձած այս միջոցառումը հանրությանն այնքան էլ չի հետաքրքրում։ Դրանում, հավանաբար, համոզվում են կազմակերպիչները։ Օրինակ՝ 2024-ին փառատոնի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություն կազմակերպվել է նաև Գյումրի, Վանաձոր և Քաջարան քաղաքներում: Այս տարի, հավանաբար, հասկացել են, որ դա անիմաստ է։
ԿԳՄՍՆ-ն չի աշխատում այս ուղղությամբ, չի բարձրացնում հանրության հետաքրքրությունը եվրոպական ֆիլմերի փառատոնի նկատմամբ։ Իշխանությունները գովազդային արշավ չեն կազմակերպել այս մասին։ Նրանք, հավանաբար, վախենում են, որ Մոսկվան դրա համար կարող է բարկանալ իրենց վրա։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ակտիվ գովազդում են «Կրթվելը նորաձև է» արշավը, ակնարկում, թե կարևոր բան կա խոսելու։ Կինոն նույնպես կրթվելու գործիքներից մեկն է։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եվրոպական ֆիլմերը չեն գովազդել։ Նրանք, հավանաբար,կարծում են, թե եվրոպական կինոն կարևոր չէ։
Փառատոնը չի արժանացել նաև Եվրամիությանն անդամակցելու ջատագովների ուշադրությանը։ Նրանք մայիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարի այցի դեմ էին ցույց անում, արտահայտելով իրենց կարծիքը Ռուսաստանի հակահայ քայլերի մասին։ Իսկ մայիսի 26-ին էլ ողջունում են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին, հայտնում ԵՄ-ին միանալու իրենց ցանկության մասին։ Կինոյի համար, հավանաբար, ժամանակ չկա։
Ի վերջո՝ կինոքննադատները, որոնց քանակը Հայաստանում պակաս չէ, կարող էին քննադատական անդրադարձ կատարել եվրոպական ընտրյալ ֆիլմերին, քննադատական հոդվածներ գրել դրանց մասին։ Հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոն կարող էին փառատոնից մի քանի օր առաջ ժամեր տրամադրել կինոքննադատներին, ներգրավել նրանց հարցազրույցներում, որ վերջիններս մասնագիտորեն ներկայացնեին փառատոնին ընտված ֆիլմերի մշակութային արժեքը, հանրության և մասնագետների շրջանում հասկանալի հետաքրքրություն արթնացնեին փառատոնի և ցուցադրվող ֆիլմերի նկատմամբ։
Այս ամենի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները միտումնավոր ստվերում են եվրոպական ժամանակակից մշակույթը, չեն ուզում որ ՀՀ քաղաքացին եվրոպական ժամանակակից մշակույթին առնչվի։ Այսպիսով՝ ցույց են տալիս, թե եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ ժողովրդին չի հետաքրքրում, եվրոպական մշակույթը չի հետաքրքրում։ Այսինքն՝ իշխանություններն ինչպես շատ հարցերում, այդպես էլ այս դեպքում ձևացնում են, թե եվրաինտեգրման ջատագով են։ Բայց երբ բանը հասնում է գործին, նրանք հակառակն են անում։
Կարճ ասած՝ եվրոպական ֆիլմերի փառատոնը Հայաստանում բան չի փոխի, ոչ թե այն պատճառով, որ ընտրված ֆիլմերն ազդեցիկ չեն, այլ ՔՊ-ի նպատակային անգործության հետևանքով։ Պատկերավոր ասած՝ ՔՊ-ն ռուսական կինոյի մեջ է։ Դրա համար անտարբեր է եվրոպական ֆիլմերի նկատմամբ։
Թաթուլ Մկրտչյան